
ԱԺ-ն քննարկեց հակակոռուպցիոն դատարանի ստեղծման փաթեթը
Խորհրդարանը հերթական նիստում քննարկեց Կառավարության ներկայացրած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը մասնագիտացված է լինելու կոռուպցիոն գործերի ուսումնասիրմամբ: Նախագծերը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը:
Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն դատարանը գործելու է առնվազն 25 դատավորի կազմով, որից 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ 5-ը` պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մի շարք երկրներում գործում են մասնագիտացված հակառուպցիոն դատարաններ, ինչպես` Աֆղանստան, Բուլղարիա, Կամերուն, Խորվաթիա, Ինդոնեզիա, Պակիստան, Մադագասկար, Ֆիլիպիններ, Սլովակիա և այլն: Ըստ նախարարի` մասնագիտացված դատարանները բարձրացնելու են գործերի քննության արդյունավետությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում նշեց, որ այն երկրներում, որտեղ կա այս համակարգը, չեն փայլում կոռուպցիայի ցածր ցուցանիշներով: Ըստ նրա` այս փոփոխությունները ոչ թե նվազեցնելու են կոռուպցիան, այլ ծաղկեցնելու, քանի որ խտրականություն է լինելու դատական համակարգում: Պատգամավորի համար անտրամաբանական է, որ հակակառուպցիոն դատարանի նախագահի աշխատավարձի դրույքաչափը լինի ավելին, քան վարչական դատարանի նախագահինը: Ըստ նրա` անհավասար պայմաններ ստեղծելով դատավորների միջև՝ անարդարություն է լինելու:
Տեղեկացնենք, որ հակակոռուպցիոն դատարանի նախագահի աշխատավարձի գործակիցն առաջարկվում է ամրագրել 13.50, դատավորինը` 13, ըստ այդմ նախագահի աշխատավարձը կլինի 892620 դրամ (հարկերը ներառյալ), դատավորինը` 859560 (հարկերը ներառյալ):
Մեկնաբանել