
Հերթական քառօրյան մեկնարկեց իրար ուղղված մեղադրանքներով
Ազգային ժողովի հերթական քառօրյայի նստաշրջանը մեկնարկեց հետպատերազմական իրավիճակի քննարկմամբ և մասնավորապես՝ ընդդիմության քննադատական խոսքերով՝ ուղղված իշխանությանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահն ամենօրյա ռեժիմով հայատյաց հայտարարություններ է անում, ապա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Կառավարությունը Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց է սկսել ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում:
Սիմոնյանը, սակայն, ներկայացրեց, որ սրան զուգահեռ իշխանության որոշ ներկայացուցիչներ տարբեր հանրային քննարկումներում հակասող հայտարարություններ են անում, օրինակ` Ադրբեջանի հետ առևտուր անելու պատրաստակամության մասին են խոսում: Սիմոնյանը պնդեց` նման հայտարարությունները Հայաստանի դեմ են օգտագործվելու, ինքն էլ ստիպված է ԱԺ ամբիոնից այդ մասին խոսում` կանխարգելելու նման հայտարարությունները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց` կարծես թե ստեղծվել են զուգահեռ իրականություններ, որից մեկում իշխանությունը կեղծ օրակարգով շեղում է հանրության ուշադրությունը: Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը գլուխ խոնարհեց Ալիևի առջև, չնայած խոստացել էր ռամզագերիների վերադարձով զբաղվել, սակայն ձեռնունայն վերադարձավ:
«Ռազմագերիների ծնողները մնացին մենակ իրենց խնդիրների հետ: Այս խորհրդարանում պետք է քննարկվի մեկ օրակարգ. այդ մարդը ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ վարելու, պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ ունենք, մեր բանակցողը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ասաց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, թե հանրությունը կարող է մտածել, որ քառօրյայի օրակարգում կան հարցեր, որոնք վերաբերում են տեղահանված արցախցիներին, ռազմագերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը և այլն, սակայն նման հարցեր չկան:
«Փոխարենը կան ավտոկայանատեղիներին վերաբերող, հոգեկան առողջությանը վերաբերող հարցեր… Այս կառավարությունը իր ղեկավարի ղեկավարությամբ սպառել է իրեն տրված լեգիտիմությունը, չի կարող ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը»,-ասաց Տոնոյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում չի պատկերացնում արտահերթ ընտրություններ կազմակերպելն ու քարոզարշավ իրականացնելը, զոհերի ընտանիքներին նախընտրական բուկլետներ բաժանելը: Վերջինս սակայն ընդգծեց, որ արտահերթ ընտրություն իրականացնողն այնուամենայնիվ իշխանությունն է, ոչ թե ընդդիմությունը, և պետք չէ այդ հարցում մեղադրել վերջինիս, թե չեն արձագանքում ընտրությունների վերաբերյալ հանդիպման առաջարկին:
«Ուզում եք անել արտահերթ ընտրություններ, ցրեք խորհրդարանը և գնանք արտահերթ ընտրությունների»,- ասաց Մարուքյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ պնդեց, որ ռազմագերիների վերադարձը հիմնախնդիր է բոլորի համար, յուրաքանչյուրն է ապրում այդ հարցով: Պատգամավորի խոսքով` քաղաքական մեծամասնությունն առաջարկել է աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել: Ըստ նրա` շատերն ուզում են փրկիչ երևալ, սակայն փրկիչներ պետք չեն, աշխատող մարդիկ են պետք:
Նույն խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ գիշերն են մի խումբ պատգամավորների հետ վերադարձել Արցախից, գնացել էին մարդկանց խնդիրներին տեղեկանալու, «և ոչ թե պաշտոնյաների սենյակներում նկարվելու»: Բաղդասարյանի խոսքով`անհետ կորածերից մեկի հարազատն էլ ինքն է, սակայն կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել այդ հարցում, քանի որ քաղաքական խոսքը կարող է վնասել շատերին: Նազելի Բաղդասարյանը կոչ արեց լուռ գործ անել, հետևողական լինել խնդիրների նկատմամբ:
Մեկնաբանել