
Ռուս խաղաղապահների համար Արցախ է ուղարկվել կորոնավիրուսի դեմ Спутник-V պատվաստանյութի 2000 խմբաքանակ
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են խաղաղապահների պատվաստումները կորոնավիրուսի դեմ։ Նախօրեին հատուկ ջերմակոնտեյներներով կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության Спутник-V պատվաստանյութը տեղափոխվել է խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողների պատվաստումը տեղի է ունենում երկու փուլով․ հունվարի 14-ից 31-ը զորախմբի ամբողջ անձնակազմը կներարկվի պատվաստանյութի առաջին չափաբաժնով, երկրորդ չափաբաժինը խաղաղապահները կստանան փետրվարի 1-21-ն ընկած ժամանակահատվածում։
Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմն ու բժշկական ստորաբաժանումների ծառայողները։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է բերվել Спутник-V պատվաստանյութի 2000 խմբաքանակ, ինչը ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ կբավարարի զորախմբի ամբողջ անձնակազմին։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական շտաբի պետ, ավագ լեյտենանտ Ալեկսեյ Կրուչինինը նշել է, որ պատվաստանյութը իրենց է հասել սառեցված վիճակում, իսկ պատվաստվելուց առաջ բոլոր զինծառայողները նախնական ստուգում են անցնում, և եթե հակացուցումներ չեն լինում, ապա տվյալ զինծառայողը պատվաստվում է։ Ներարկումից հետո յուրաքանչյուր զինծառայող 30 րոպե գտնվում է հսկողության տակ, որպեսզի բժիշկները համոզվեն ալերգիկ ռեակցիաների բացակայության մեջ։
***
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Մեկնաբանել