
Պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած անձանց վերաբերող նախագծի քննարկումը հետաձգվեց
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Զինվորական ծառայության մասին և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արման Բաբաջանյանի և Մխիթար Հայրապետյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ իրավակարգավորումներին:
Պատգամավորներն առաջարկում են զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության երկու տարի ժամկետով:
Նախագծի համահեղինակ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում նշեց, որ մեկ ամսով առաջարկում են հետաձգել նախագիծը` լրամշակելու նպատակով: Ըստ նրա` փոփոխությունները կանխարգելող նշանակություն ունեն: Այժմ առաջարկվում է Քրեական օրենսգրքի 327 հոդվածը` զորակոչից խուսափումը ծանր հանցագործություն համարել և նման հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում` իրականացնելով արտահանձնում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը տեսակետ հայտնեց, թե այս նախագիծն առկա խնդիրը չի լուծելու և ըստ իրեն դասալքությունն է խրախուսելու: Նա անհավանական համարեց, որ օրինակ Կանադայում ապրող, բարձր որակավորում ունեցող ծրագրավորողը վերադառնա Հայաստան և անցնի պայմանագրային զինծառայության: Ինչպես նաև հիշեցրեց, որ վերջին երեք տարիներին ընդամենը մեկ անձ է արտահանձվել Հայաստան, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն արձագանքեց` փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում նման անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվելու, ինչն իր հետևանքներն է ունենալու վերջիններիս քաղաքացիության կամ ինչ-որ կարգավիճակ ստանալու հարցերում: Զորակոչից խուսափումը ծանր հանցագործություն է համարվելու, և այդ հոդվածով մեղադրվող անձանց արտահանձնելու են Հայաստան:
Սարգսյանի խոսքով` իր պաշտոնավարման շրջանում նման հոդվածով մեղադրվող առնվազն 10 հազար անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն քանի որ այն այժմ միջին ծանրության հանցագործություն է, հնարավոր չէ արտահանձնում կատարել, և պարզապես պետությունը տեղեկացել է վերջիններիս բնակության վայրի մասին: Ըստ փոխնախարարի` փոփոխությունները ցավոտ կլինեն նման անձանց համար:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հետաձգումը չի լինելու տևական, քանի որ այս կարգավորմանը սպասում են շատերը: Նախագծի քննարկումը հետաձգվեց:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել