
ԱԳ նախարարը վստահեցնում է՝ որևէ առիթ բաց չեն թողնում գերիների վերադարձի հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վստահեցնում է՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների վերադարձման հարցով ԱԳՆ-ն ջանք ու եռանդ չի խնայում: Նման համոզմունք հայտնեց նախարարը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ Արա Այվազյանը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ դռնփակ հանդիպման էր: Օրակարգում էին նաև ռազմագերիներին առնչվող հարցերը:
«Վարչապետը հունվարի 11-ին և՛ եռակողմ (Փաշինյան-Պուտին-Ալիև), և՛ երկկողմ (Փաշինյան-Պուտին) ֆորմատներում հատուկ անդրադարձել է գերիների խնդրին: Դա մեզ համար առաջնային խնդիր է, պետք է հասկանանք, որ այն հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ, և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում։ ԱԳՆ-ն նույնպես որևէ առիթ բաց չի թողնում, որ այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում»,- ասաց նախարարը:
ԱԳ նախարարի խոսքով՝ ըմբռնում կա, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն այն ապահովելու համար հարկավոր է վստահության մթնոլորտ ձևավորել:
Նախարարը կոչ արեց վստահել պետության ջանքերին, հույս հայտնելով, որ այն դրական լուծում կստանա:
«Բոլորս հասկանում ենք, որ այդ հարցը մեկ օրվա լուծման հարց չէ, եթե մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա վաղուց լուծված կլիներ»,- ասաց նա:
Մեկնաբանել