
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների ցանկը դեռ ամբողջական չէ
Արցախում մասնագետներն աշխատում են ամբողջացնել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո վերջիններիս վերահսկողության տակ անցած հայկական մշակութային արժեքների ցանկը:
Պատրաստ է միայն Արցախի Շահումյանի /Քարվաճառ/ շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որտեղ ներառված է 377 հուշարձան: Մասնավորապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Դադիվանք վանական համալիրը (հսկվում է ռուս խաղաղապահների կողմից), Դադի եկեղեցին, վերջինիս բեմի տակ գտնվող ստորգետնյա դամբարանը, որը պեղվել և բացվել է 2008թ.-ին, իշխանական ապարանքը, Քնարավան գյուղում՝ 9-14-րդ դարերի ամրոց-հնաբերդը, 9-11 րդ դարերի ապարանք-դղյակը, Չափնիի սբ Կարապետ վանական համալիրը, բազմաթիվ խաչքարեր և այլն:
Տիգրանակերտի (անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) հնագիտական խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատերազմի առաջին իսկ օրերից Տիգրանակերտի հնագիտական ողջ հավաքածուի մասին հոգ է տարվել, ապահով վիճակում է: Աշխատանքներն իրականացրել է Տիգրանակերտի արշավախումբը՝ Հայաստանի և Արցախի պատկան մարմինների աջակցությամբ:
«Եթե ռմբակոծվում, հրետակոծվում էին բնակավայրերը, հրթիռակոծվում էին նաև թանգարանները, շենքերը, որտեղ պահվում էին մշակութային արժեքները: Մեր նպատակն էր, քայլեր ձեռնարկել, որ այդ մշակութային արժեքները չվնասվեին»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ արդեն տեղեկություններ ունեն, որ ադրբեջանցիները Հայրենական մեծ պատերազմի հուշարձաններն են պղծում: Գյուղերում պայթեցրել են նաև Արցախի առաջին պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողները: Թիրախավորում են և հրազենով խփում: Վնասել են նաև գերեզմանաքարերը: Նախարարը ռուս խաղաղապահներին տեղեկացրել է այդ մասին:
Համացանցում տարածվել էր նաև Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխատված արձանի տեսանյութը:
«Հայերի նկատմամբ ունեցած բարդույթն այնքան չեն հաղթահարել, որ նույնիսկ քարի «վիզն» են կտրում: Արժանապատիվ հաղթանակի տերը նման բան չի անի: Իրենք դեռ բարդույթներ ունեն, որովհետև գիտեն, որ հաղթել են իրենց բայրաքթարները, ոչ թե իրենք: Հաղթանակը դրել են իրենց ձեռքը, հաղթանակը չեն վաստակել»,- ասում է Լ. Ղարախանյանը:
Նախարարը մտահոգված է նաև Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ Էլբայ Քասիմ զադեի (Elbay Qasim-zade) հայտարարությամբ, ըստ որի՝ պետք է ոչնչացվեն Արցախի հայկական եկեղեցիները, մշակութային արժեքները։ Նախարարը նշում է, որ սա մշակութային եղեռն իրագործելու բացահայտ հայտարարություն է։
«Ցավոք, ուզում ենք արձանագրել, որ միջազգային կառույցներն այսօր էլ կա՛մ ի զորու չեն, կա՛մ պարզապես չեն ցանկանում կանխել մշակութային այս եղեռնը»,- ասում է Լ. Ղարախանյանը՝ հավելելով, որ հույս չունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օբյեկտիվորեն կզբաղվի այս հարցով։
Պատերազմի օրերին, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորում էր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը և այլ մշակութային արժեքներ, կրթական հաստատություններ, Արցախի մշակույթի նախարարը մի քանի գրություն է ուղարկել ՄԱԿ-ի կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին (Audrey Azoulay), սակայն մնացել է անպատասխան:
Լուսինե Ղարախանյանը նշում է, որ Օդրե Ազուլեն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ընկերուհին է, հետևաբար նրանից որևէ ակտիվ գործողություն չեն սպասում:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադրված էր գալ և մոնիտորինգ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը խոչընդոտել է, իսկ Օդրե Ազուլեն լռել է այդ մասին: Մենք պետք է այնպիսի կառույցի դիմենք, որ կարողանանք հետադարձ, արդյունավետ կապ ապահովել, ոչ թե գրենք ու մնանք անպատասխան»,- հավելում է Արցախի ԿԳՄ նախարարը:
Լուսինե Ղարախանյանը նշեց, որ հովանավորների միջոցով ցուցանակներ են պատրաստելու հայերեն և ադրբեջաներեն լեզուներով՝ կից ներկա վիճակի լուսանկարով և ռուս խաղաղապահների օգնությամբ փակցնելու են մշակութային հուշարձանների տարածքում:
«Հուշարձանների մեծ մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: 4000-ից ավել հուշարձանների մեծ մասն իրենց վերահսկողության տակ է: Ընդ որում, հաշվառումը դեռ ավարտված չէր և եթե ավարտվեր, ըստ փորձագետների՝ հուշարձանների թիվը կանցներ 10 հազարից»,- ասում է Արցախի ԿԳՄ նախարարը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ-ն ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա:
«Հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է իրազեկել ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և ֆիզիկական վտանգի մասին: Ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը»,- նշում է Սերոբ Բեջանյանը:
ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը նաև փոխանցում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 10-11-ին կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստ: Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է որոշում՝ 1954թ. Հաագայի Կոնվենցիայի շրջանակներում մշտադիտարկման մեխանիզմի ներդրման վերաբերյալ: Այն հնարավորություն կընձեռի ստեղծել զինված հակամարտությունների ընթացքում մշակութային հուշարձանների միտումնավոր ոչնչացման դեպքերի վերահսկման գործիքակազմ:
«Հայկական կողմն անելու է առավելագույնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործնական ներգրավման ընդլայնման համար, ինչն, անշուշտ, դրական ազդեցություն կունենա հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»,- հավելում է ԱԳՆ պաշտոնյան:
Գլխավոր լուսանկարում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ հրթիռակոծությունից հետո
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել