
Շաքարը թանկացել է 26,6%-ով, ձուն՝ 6%. սննդամթերքի գները տարվա վերջում
Սննդամթերքը նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ թանկացել է 0,9%-ով։ Առավել շատ գնաճ է ունեցել շաքարը. այն թանկացել է մոտ 30%-ով։ Առաջնային անհրաժեշտության սննդամթերքից թանկացել է ալյուրը, ձավարը, բրինձն ու ձուն։ Փոխարենն էժանացել է կարտոֆիլը, բանջարեղենը, շոկոլադն ու միսը։ Թանկացել են ալկոհոլային խմիչքները։
«Հետք»-ն ուսումասիրել է սննդամթերքի և խմիչքների գները տարվա վերջին։
Այս տարվա վերջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սննդամթերքը թանկացել է 0,9%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2019 թ. նոյեմբեր ամսվա համեմատ 2020թ. նոյեմբերին առաջին անհրաժեշտության սննդամթերքից ամենաշատը թանկացել է շաքարը` 26,6%-ով։ Հաջորդ՝ ամենաշատ թանկացածը սննդային յուղերն են՝ 17,6%, ալյուրը և ձավարը՝ 10,6%-ով, բրինձը՝ 7,6%-ով, ձուն՝ 6%-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 3,5%-ով, կաթնամթերքն ու պանիրը` 2,6%-ով, կաթնաշոռը՝ 0,6%-ով, յոգուրտն ու մածունը՝ 3%-ով։
Ոչ առաջին անհրաժեշտության, բայց դարձյալ նախորդ տարվա համեմատ թանկացած սննդամթերքներից են մրգերը՝ 10%-ով, չորացած բանջարեղենն ու պահածոները՝ 6,4%-ով ։
Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում
Ամենաշատն էժանացել է լայն սպառում ունեցող կարտոֆիլը՝ 18,4%-ով։
Բանջարեղենի գինը ևս նվազել է 12,8%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ի տարբերություն առաջին անհրաժեշտության սննդատեսակների, էժանացել է միսը։ Մասնավորապես, խոզի միսն էժանացել է 4%-ով, տավարինն ու հորթինը՝ 3,5%-ով։
Էժանացել է նաև ձուկն ու ծովամթերքը՝ համապատասխանաբար՝ 3,5% և 2,8%-ով։
Փոխարենն այս տարի թանկացել են նաև ալկոհոլային խմիչքները։ Մասնավորապես, 18,2%-ով թանկացել է օղին և էթիլ սպիրտը, լիկյորը, այլ ալկոհոլային խմիչքների տեսակները թանկացել են 11,9%-ով։
Լայն սպառում ունեցող ալկոհոլային խմիչքներից թանկացել է նաև գարեջուրը՝ 4,4%-ով և գինին՝ 0,8%-ով, թնդեցված գինին՝ 3%-ով։
Մեկնաբանել