
Հայաստան, ճգնաժամ. ի՞նչ անել
Որն է ճգնաժամային կառավարման օրակարգը
Ճգնաժամ, ինչ է սա պետության մակարդակում
Հանկարծակի, անսպասելի կամ շատ արագ վրա հասած իրադարձություն կամ իրադարձությունների հաջորդականություն, որ մեծ վնասաներ է պատճառում` ոչ միայն նութական, այլ նաև մարդկային կյանքերի ուղղակի կամ անուղղակի կորուստների տեսքով: Ճգնաժամը մարդկանց մոտ առաջացնում է վախի և անապահավության վիճակ, որով պայմանավորված էլ նրանց գործողությունները կարող են լինել այնպիսին, որ էլ ավելի են սրում ճգնաժամի խորությունն ու մեծացնում ապագա վնասների չափը:
Ճգնաժամ հայկական աշխարհում (խնդիրների և մարտահրավերների ձևակերպում)
Պատերազմի արդյունքում կորսված տարածքներ, հազարավոր զոհեր և վիրավորներ, սրանով պայմանավորված հանրային տրամադրությունների անկում և գերլարում: Արդյունքում անվտագության և ապահովության գործոնների խարխլում, որը հանգեցրել է հանրության մեջ վախի և անապահովության զգացողությունների գերսրման: Որպես երկրորդային հետևանք սրան հաջորդում է տնտեսական պասիվ գործունեություն, սպասումներ և առկա միջոցների խնայողություն ավելի վատ օրվա համար, ընդհուպ մինչև ոտքով քվեարկություն (արտագաղթ):
Հաջորդում է նաև քաղաքական դաշտում լարում, ճգնաժամի հանգեցրած վարչակազմի հանդեպ վստահության համատարած անկում, դրա հեռացման պահանջի ձևակերպում, նաև պետական համակարգի հանդեպ վստահության կորուստ: Միաժամանակ, որպես երկրորդային հետևանք, հանրային ծառայողների բարոյահոգեբանական տրամադրությունների ընկճվածություն է գրանցվում, որն էլ հանգեցնում է պետական համակարգի էլ ավելի պարալիզացման և հանրային ծառայությունների որակի անկման` ընդհուպ մինչև պետական համակարգի գործունեության դադարի:
Ճգնաժամային կառավարում
Խնդիրները չեն կարող լուծվել և ճգնաժամը չի կարող հաղթահարվել այն միջավայրում որտեղ այն առաջ է եկել: Ճգնաժամի հաղթահարմանը ուղղված լուծումները պահանջում են նաև միջավայրի և մարդկային կարողությունների վերակառուցում: Այս նպատակով անհրաժեշտ է ներկա կառավարող վարչակազմի հեռացում, և անցումային կառավարման ձևավորում: Անցումային կառավարման պատասխանատվությունը ստանձնում են պետական հատվածի կառավարչական ունակություններ և գիտելիքներ ունեցող անձինք, այլ ոչ կուսակցական պատկանելություն ունեցող քաղաքական գործիչներ: Վերոնշյալ ճգնաժամի հաղթահարմանը ուղղված միջոցառումները (հիմնական մասը կթվարկվի ստորև) պահանջում են մարդկային կարողությունների գերլարում և պետական համակարգի կառավարչական կարողությունների կիրառում` առանց քաղաքական ամբիցիաների և կուսակցական ու նեղ խմբային շահերի սպասարկման: Այսինքն, ճգնաժամային կառավարման ժամանակ կուսակցականությամբ պայմանավորված քաղաքական գործոնը պետք է զատվի կառավարչականից, և պետք է գործի դրվի կառավարչականը` ոլորտից գիտակ և կարող անհատների պատասխանատվության ստանձնամամբ: Վերջիններս ճգնաժամային կառավարման առաջնահերթ գործիքակազմի կիրարկմանը զուգընթաց կպատրաստեն քաղաքական դաշտի մուտք պետական համակարգ առվազն մեկ տարի անց` նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելով: Միաժամանակ, նրանք չեն մասնակցի սպասվելիք արտահերթ ընտրություններին և չեն սատարի որևէ կուսակցության:
Ճգնաժամային կառավարման օրակարգ
Ճգնաժամային կառավարումն առանց օրակարգի չի կարող տեղի ունենալ և հետևաբար օրակարգն է, որ պետք է թելադրի իշխանության անցնցում փոխանցում պետական ոլորտի կառավարիչներին` օրակարգի իրագործմանը ուղղված փոխադարձ երաշխիքների տրմամբ և պարտավորությունների ստանձնմամբ: Եվ հետևաբար օրակարգի ձևակերպմամբ է, որ պետք է որոշվեն համապատասխան անձնանց որակները: Առանց օրակարգի իշխանության փոխանցումը որևէ սուբյեկտի, լինի դա կուսակցական, թե անկուսակցական տրամաբանության մեջ, անկախ դրանում ներգրավված անհատների անձնային որակներից և կարողություններից, կարող է հանգեցնել ճգանաժամային կառավարման տապալման և առկա վիճակի էլ ավելի սրման:
Ճգնաժամային կառավարման օրակարգը պետք է ուղղված լինի ճգնաժամի հետևանքների մեղմմանը և/կամ վերացմանը, առկա ռիսկերի կառավարելիության տիրույթ վերադարձին, մարդկանց մոտ անվտանգության և ապահովության զգացողության վերկանգնմանը և նրանց վախերի չեզոքացմանը: Սա հնարավորություն կտա պետությունը բերել ընթացիկ կառավարման վիճակի, որը հնարավորություն կտա պետական կառավարման համակարգի նկատմամբ նոր ձևավորված քաղաքական թիմերի կողմից պատասխանատվության ստանձնում և երկրի կառավարումը անցումային կառավարումից կփոխանցվի ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական թիմերի կողմից առաջադրված կառավարման մարմնին (նոր կառավարությանը):
Քանի որ ճգնաժամային կառավարումը պետության ընթացիկ կառավարմանը զուգընթաց զբաղվելու է ճգնաժի հետևանքներին արձագանքող գործողություններով, ապա ստորև որոշակի մանրամասներով թվարկվում են միայն այն գործողությունները, որոնք ի լրումն ընթացիկ վիճակի կառավարման պետք է իրականացվեն կամ դրանց իարականացումը պետք է մեկնարկի առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Ճգնաժամային կառավարման հաղթահարմանը ուղղված գործառույթներ
Ճգնաժամի հաղթահարմանը ուղղված հրատապ գործառույթներ: Սրանց հերթականությունը առաջնահերթություն չի ենթադրում, բոլորն առաջնահերթ են և հետևաբար ենթակա են իրագործման զուգահեռաբար` միաժամանակ:
I. Տեղահանվածներ և փախստականներ
Փախստականների կարիքների հրատապ քարտեզագրում և վիճակը մեղմող միջամտություն, մասնավորապես Իրանին, Ադրբեջանին և Արցախին սահմանակից հատվածներում (հիմնականում Զանգեզուր` Սյունիք) հարակից հատվածներում նոր գյուղական համայնքների ստեղծում: Տեղահանվածներին պետության կողմից մշակովի հողատարածքի տրամադրում և բնակելի տան կառուցում:
Առաջնային արդյունք
Առաջնային արդյունքն է տեղահանվածներին բնակելի տնով և մինիմալ ապրուստի միջոցով (մշակովի հողատարածք) ապահովելը: Ծրագրի մեկնարկի (առաջին փուլի) շահառու կլինեն հազարից ավել ընտանիքներ:
Երկրորդային արդյունք
Ճգնաժամի արդյունքում անօթևան քաղաքացիներին պետության կողմից հոգածության դրսևորման արդյունքում հանրության բարոյահոգեբանական վիճակի բարելավում: Քաղաքացիները տեսնելով, որ պետությունը տեր է կանգնում աղետի մեջ հայտնվածին` հետզհետե կսկսի դուրս գալ անապահովության և վախերի տիրույթից, որով պայմանավորված էլ մարդիկ կսկսեն վերանայել տնտեսական գործունեության իրենց պասիվ դիրքավորումը, ինչը նաև կարող է հանգեցնել տնտեսական գործունեության վերադաձի դեպի նորմալ միջակայք:
Ֆինանսական հակիրճ և նախնական գնահատական
Մոտավոր գնահատականով այս գծով մեկ միավոր ծախսը կկազմի 16 միլիոն ՀՀ դրամ: Սա ներառում է հողահատկացում տնամերձ առնվազն 1,000 մ/քառ և մեկ հարկանի տան կառուցում 100 մ/քառ մակերեսներով: Նախատեսվում է նաև անվճար այլ մշակովի տարածքների հատկացում:
Առաջին տարում, նախատեսվում մեկնարկել նվազագույնը երկու գյուղական համայնքի կառուցում, յուրաքանչյուրը առնվազն հինգ հարյուր բնակելի տնով: Սրա ընդհանուր ծախսը կկազմի 16-20 միլիարդ ՀՀ դրամ, որը շուրջ 32-40 միլիոն ԱՄՆ դոլար է: Գումարած անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցում, որը յուրաքանչյուր գյուղական համայնքի գծով 10-15 միլիոն ԱՄՆ դոլարի միջակայքում է: Այս գործառույթի մեկնարկային տարում առավելագույն ծախսը նախատեսվում է շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար:
Ֆինանսական աղբյուր
Սա չնախատեսված ծախս է, և ենթադրում ՀՀ պետական բյուջեի վերակառուցում, որի արդյունքում կկրճատվեն կրկնվող և նոր սկսվելիք ծրագրեր (շեշտադրելով ընթացիկ ծախսերը)` ազատելով նշված անհրաժեշտ ծավալի գումարներ:
II. Սահմանագծեր և զինվորական հենակետեր
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունների և աշխատանքների արդյունքում սահմանագծերի հստակեցում, որին կհաջորդի ամրակցման և զինվորական հենակետերի կառուցման աշխատանքներ:
Առաջնային Արդյունք
Առաջնային արդյունքն է սահմանների անվտանգության ապահովումը:
Երկրորդային արդյունք
Քաղաքացիներին, հատկապես սահմանամերձ հատվածների բնակավայրերի բնակիչների ապահովության վերականգնման արդյունքում վախի մթնոլորտի չեզոքացման ու այս առումով ռիսկերը կառավարելի մակարդակի բերելու արդյունքում բարոյահոգեբանական վիճակի բարձրացում: Սա իր հերթին կհանգեցնի մարդկանց տնտեսական գործունեության ակտիվացման` ծախսերի ու պլանավորված գործունեության սառեցված վիճակից ընթացիկ վիճակի անցման:
Ֆինանսական հակիրճ և նախնական գնահատական
Այս գծով ծախսերը պահանջում են նախնական կապիտալ բնույթի ծախսեր առավելագույնը մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Միաժամանակ, այս գծով կպահանջվեն ընթացիկ ծախսեր, որոնք ունենալու են շարունակական բնույթ:
Ֆինանսական աղբյուր
Սա չնախատեսված ծախս է, և ենթադրում ՀՀ պետական բյուջեի վերակառուցում, որի արդյունքում կկրճատվեն կրկնվող և նոր սկսվելիք ծրագրեր (շեշտադրելով ընթացիկ ծախսերը)` ազատելով նշված անհրաժեշտ ծավալի գումարներ, որոնք կուղղվեն այս գործառույթի իրագործմանը:
III. Բժշկական ծառայությունների և կարողությունների քարտեզագրում: Ճգնաժամի հաղթահարմանը ուղղված կարիքների գնահատում և կարողությունների մեծացմանն ուղղված գործողություններ
Համավարակի, իսկ այնուհետ պատերազմի արդյունքում բժշկական հաստատությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկը շեշտակի աճել է և դա կրելու է շարունակական բնույթ: Մասնավորապես այն պատճառով, որ հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր զինծառայողների բժշկական սպասարկումը ենթադրում է շարունակականություն, ինչը լրացուցիչ բեռ է համակարգի վրա: Ուստի այս ուղղությամբ հրատապ խնդիր է նոր բժշկական հաստատության` առաջին տարում առնվազն մեկի կառուցումը:
Առաջնային արդյունք
Զինվորական հաշմանդամների համար հատուկ հոսպիտալի կառուցում և ծառայությունների մեկնարկ:
Երկրորդային արդյունք
Առողջապահական համակարգի վրա առկա բեռի նվազեցում, միաժամանակ զինվորների և բնակչության բարոյահոգեբանական վիճակի բարձրացում:
Ֆինանսական հակիրճ և նախնական գնահատական
Այս գծով ծախսերը պահանջում են նախնական կապիտալ բնույթի ծախսեր առավելագույնը մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Միաժամանակ, այս գծով կպահանջվեն ընթացիկ ծախսեր, որոնք ունենալու են շարունակական բնույթ:
Ֆինանսական աղբյուր
Սա չնախատեսված ծախս է, և ենթադրում ՀՀ պետական բյուջեի վերակառուցում, որի արդյունքում կկրճատվեն կրկնվող և նոր սկսվելիք ծրագրեր (շեշտադրելով ընթացիկ ծախսերը)` ազատելով նշված անհրաժեշտ ծավալի գումարներ, որոնք կուղղվեն այս գործառույթի իրագործմանը:
Հաշվի առնելով ծրագրի մեծությունը, պետական բյուջեի միջոցները, նույնիսկ բյուջեի վերակառուցման դեպքում, հնարավոր է չբավականացնեն: Ուստի այս ծրագրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր պետք է դիտարկել ՀՀ դրամով պետական երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումը: Միաժամանակ, կուտակային կենսաթոշակային համակարգում գեներացվող երկարաժակետ փողերը մեծ պոտենցիալ ունեն այս ոլորտում ներգրավվելու համար: Օրենսդրությունը պահանջում է, որ այդ միջոցների առնվազն 60%-ը պահվեն և ներդրվեն ՀՀ դրամով, և սրանք զգալի ծավալներով հիմա ներդրված են նաև ցածր եկամտաբերությամբ ավանդներում` ՀՀ բանկային համակարգում:
IV. Աշխարհազորի ձևավորման շուրջ աշխատանքների մեկնարկ
Հարևան պետություններից սպառնացող գոյաբանական ռիսկերին դիմակայելու նպատակով արհեստավարժ բանակի կայացմանը զուգընթաց օր առաջ անհրաժեշտ է սկսել աշխարհազորի ձևավորման աշխատանքներ:
Առաջնային արդյունք
Համաձայն պաշտոնական տվյալների Հայաստանում 20-54 տարեկան քաղաքացիների թիվը շուրջ 1 միլիոն 426 հազար է: Սրանցից շուրջ կեսը տղամարդիկ են, որը կազմում է շուրջ 700,000 մարդ: Եթե այս թվից հանենք շուրջ 20% հաշմանդամներ կամ զինվորական պատրաստությանը ոչ պիտանի անձանց, կստացվի, որ շուրջ 550,000 տղամարդ կարող է ներգրավվել աշխարահազորում: Առաջին տարում անհրաժեշտ ներգրավել սրա առնվազն 10%-ը, այսինքն 50-60 հազար մարդ շաբաթը մեկ անգամ, ըստ կարողությունների և ունակությունների պետք է ներգրավվի զինվորական պատրաստության ծրագրերի մեջ, հիմնականում ոչ աշխատանքային օրերի (օրինակ յուրաքանչյուր շաբաթ օր):
Երկրորդային արդյունք
Աշխարհազորի մեկնարկը և դրա կայացումը հետզհետե կնվազեցնի մեր պետության առջև ծառացած գոյաբանական ռիսկերը: Սա նաև հանրության մոտ կավելացնի ապահովության զգացումը, և կվերականգնի սեփական ուժերով սեփական պետությանը տեր կանգնելու գիտակցումը: Միաժամանակ, սա գործոն և երաշխիք կդառնա բանակցություններում մեր շահերին համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու և համաձայնագրեր կնքելու հարցերում: Սա վերաբերվում է առաջին հերթին Արցախի կարգավիճակի շուրջ ապագա բանակցություններին:
Ֆինանսական հակիրճ և նախնական գնահատական
Մեկ անձի համար նախատեսվում է, որ շաբաթական առնվազն մեկ անգամ և տարեկան 40 անգամ զինվորական պատրաստման ծրագրերի մասնակցությունը` առանց հատուկ հանդերձանքի և այլ տեխնիկական միջոցների հաշվարկի, կկազմի շուրջ 10,000 դրամ: Այսինքն շուրջ 55 հազար մարդու աշխարհազորի շրջանակներում ռազմական գիտելիքների և կարողություններ տրամադրումը կկազմի 20-25 միլիարդ ՀՀ դրամ, որը ԱՄՆ դոլարով կազմում է 40-50 միլիոն:
Ֆինանսական աղբյուր
Սա չնախատեսված ծախս է, և ենթադրում ՀՀ պետական բյուջեի վերակառուցում, որի արդյունքում կկրճատվեն կրկնվող և նոր սկսվելիք ծրագրեր (շեշտադրելով ընթացիկ ծախսերը)` ազատելով նշված անհրաժեշտ ծավալի գումարներ, որոնք կուղղվեն այս գործառույթի իրագործմանը: Սրանք ընթացիկ ծախսեր են և շարունակաբար կիրառվող, հետևաբար հետագայում պետք է դիտարկել սրա համար առանձին ֆինանսական հոսքերի ստեղծման հնարավորությունը, որը կարող է լինել նաև նպատակային հարկի տեսքով:
Ճգնաժամային կառավարման այլ դրույթներ
Այս հակաճգնաժամային գործառույթները պետք է ուղեկցվեն պետության կառավարման մեջ ճգնաժամային կառավարման ռեժիմի անցմամբ և դա սպասարկող պետական բյուջեի և պետական մեքենայի ձևավորմամբ: Սա ենթադրում է, որ անխուսափելի են պետական ծառայողների հաստիքների կրճատումներն և պետական բյուջեի ծախսերի վերաբաշխումը:
Միաժամանակ կան այլ առաջնային լուծման ենթակա խնդիրներ:
- Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում/ներ գերիների և սահմանների ու այլ հրատապ հարցերի լուծման համար:
- Ռուսական կողմի հետ հանդիպում/ներ հարաբերությունների վերաշարադրման` դրանք փոխադարձ շահավետ մակարդակի բերելու նպատակով: Աշխարհի մնացյալ պետություն-սուբյեկտների հետ հարաբերությունների վերանայում, ճշգրտում հընթացս:
- Զոհված զինծառայողների ընտանիքների, մանսավորապես երեխաների համար հատուկ սոցիալական ծրագրերի ստեղծում:
- Օր առաջ սկսել պարտված պատերազմի պատճառների քննություն:
- Պատրաստություն նոր ԱԺ ընտրությունների և սրա համար ընտրական և այլ օրենսդրության թարմացում` փոփոխություն:
Այս ամենում հընթացս, առաջին իսկ պահից, կրթական կարողությունների մեծացման հարցը նույնպես պետք է լինի ճգնաժամային կառավարման օրակարգի առաջին դիրքերում: Ի լրումն, պարենային ինքնաբավությանը ուղղված ծրագրերի մեկնարկ պետք է տրվի, զուգահեռ դիտարկելով նաև այլ ռեսուրսների գծով ապահովության` օրինակ, էներգետիկ ռեսուրսների առավել անվտանգ և կայուն աղբյուրների ապահովման հարցեր: Այս ամենը պետք է ապահովվի նաև ներկա վիճակը արտացոլող` նոր սոցիալ-տնտեսական քաղաքականությունների ձևավորմամբ:
Մեկնաբանել