HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հոր զոհվելուց 22 օր անց ծնվել է Ալենը

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ավետիս Ավետիսյանն ու իր քրոջ ամուսինը՝ Երեմ Գալստյանը, որոշել էին պայմանագրային զինծառայող դառնալ և մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Այս տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրը պայմանագրային զինծառայող Ավետիսը արձակուրդի մեջ էր: Նրան հետ են կանչել արձակուրդից և ուղարկել Արցախ: Մեկնելուց մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին, զոհվել է՝ այդպես էլ չտեսնելով երկրորդ որդու ծնունդը: Հոկտեմբերի 1-ին զոհվել է նաև Ավետիսի քրոջ ամուսինը՝ Երեմ Գալստյանը: Երկուսն էլ զոհվել են Քարվաճառի հատվածում, բայց իրարից հեռու:

«Հեշտ չեմ համաձայնել, որ նա դառնա զինվորական: Բայց իր ցանկությունների վրա չէինք կարող ազդել: Եթե որոշել էր, որ պետք է անցնի ծառայության, ուրեմն անիմաստ էր հակառակը համոզել»,- ասում է Ավետիսի կինը՝ Արմինե Վարդանյանը

Ավետիսյանների ընտանիքում ուրախությունն ու տխրությունը խառնվել են իրար: Մի կողմից ցավակցում են, որ զոհվել են Ավետիսն ու Երեմը, մյուս կողմից աչքալուսանք տալիս հոկտեմբերի 20-ին ծնված Ալենի առիթով: Տղայի ծնունդը սպասված էր, քանի որ առաջին երեխայի ու նրա տարիքային տարբերությունը 10 տարի է:

Ավետիսը գիտեր, որ ծնվող երեխան տղա է լինելու, սակայն չէր հասցրել անուն մտածել: Եղբորն անվանակոչել է 10-ամյա եղբայրը՝ Խաչիկը:

Մեր այցելության ժամանակ Խաչիկը դպրոցում էր: Հայրը նրան պատգամել է լավ սովորել, կրթության արժեքն իմանալ: Այժմ տղան ավելի մեծ պատասխանատվությամբ է դպրոց հաճախում, քանի որ հիշում է հոր խորհուրդները:

Արմինե Վարդանյանն ասաց, որ իրենք դեռ չգիտեն, թե ինչ հանգամանքներում է զոհվել ամուսինը: Սպասում են, որ իր հետ ծառայություն իրականացրած տղաները իջնեն դիրքերից, որպեսզի նրանցից տեղեկանան: Միայն գիտեն, որ զոհվել է Քարվաճառում՝ բեկորային վնասվածքներից: 

«Չէինք սպասում, որ պատերազմ կլինի ու այդքան երկար կտևի: Ամուսինս հենց լսում էր, որ հնարավոր է պատերազմ լինի, ասում էր, որ մենք հաղթելու ենք, ուժեղ ենք: Այդ խոսքերով էլ գնացել է: Ասում էր՝ գնամ դրանց հարցերը լուծեմ, որ տղուս ծնունդը դիմավորեմ: Իրեն թվում էր, թե ապրիլյանի նման մի քանի օր է տևելու»,- ասում է Արմինեն:

Ավետիսյանների ընտանիքի համար պատերազմը «կարճ» է տևել: Արմինեի խոսքերով՝ չի հասցրել նույնիսկ անհանգստանալ ռազմի դաշտում գտնվող ամուսնու համար: Ավետիսի մահվան լուրն իմացել են սեպտեմբերի 29-ին ու այդ ընթացքում հասցրել է նրա հետ ընդամենը մեկ անգամ հեռախոսազրույց ունենալ: Ավետիսը զանգել ու միայն ասել է, որ հասել է Արցախ: Վերջ:

Հայրական տանն էր գտնվում նաև Ավետիսի քույրը՝ Աղավնի Ավետիսյանը: Նրա մոտ էլ երկակի զգացողություն էր: Մի կողմից ժպտում էր փոքրիկ Ալենին, մյուս կողմից հիշում էր զոհված եղբորն ու ամուսնուն ու սկսում լացել:

Աղավնին պատմեց, որ Երեմը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից էր: Արդեն 4 տարի պայմանագրային զինծառայող էր: Ազատ օրերին էլ զբաղվում էր հողագործությամբ. կարտոֆիլ էին մշակում:

«Այս անգամ, կարելի է ասել՝ լացով եմ ճանապարհել ամուսնուս, բայց նա բարկանում էր: Ասում էր՝ լավ է լինելու: Իր հետ հեռախոսով, որ խոսում էի, հույս էր տալիս, որ վախենալու բան չկա: Եղբորս զոհվելու մասին չգիտեր, հեռախոսով իր հետ էի խոսում, պատահմամբ լսեց ու 1-2 օր անց իմացանք նաև իր զոհվելու մասին»,- ասում է Աղավնին:

Այժմ տանը մնացել են Աղավնին ու իր երկու երեխաները՝ 10 և 14 տարեկան, ինչպես նաև 80 տարեկան սկեսուրը:

«Հիմա ինձ ապրելու հույս են տալիս միայն իմ երկու բալիկները և եղբորս նոր ծնված երեխան: Այլ բան չկա»,- ավելացրեց Աղավնին:

Գլխավոր լուսանկարում Արմինե Վարդանյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter