
Արցախից տեղահանվածների հարսանիքը` Վանաձորում
Վանաձորի մանկատան շենքում անսովոր իրադարձություն էր: Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված Հայկազի ու Ռուզաննայի հարսանեկան տոնակատարությունն էր: Հայկազ Հակոբյանը վերջին 12 տարիներին Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում է բնակվել, զբաղվել անասնապահությամբ:
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը (ոտքի վնասվածքի պատճառով զորակոչի ենթակա չի եղել): Ասում է` չնայած երևանցի է, կյանքի մի հատվածն էլ Վանաձորում է ապրել, սակայն այնպես էր հարմարվել Արցախին, որ արդեն Հայաստանում չի կարողանում հանգիստ ապրել: Երանությամբ է խոսում Արցախի գյուղեր կրկին վերադառնալու մասին, ու ցավով հիշեցնում` Քաշաթաղի շրջանն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է: Եվ ահա ապաստան գտնելով Վանաձորի մանկատանը` Հայկազ Հակոբյանը ծանոթանում է կրկին Արցախից տեղահանված Ռուզաննային ու հավանում նրան:
«Էստեղ եմ ծանոթացել Ռուզաննայի հետ, սիրտս կպել ա»,- ժպտալով պատմում է մեր զրուցակիցը, ապա հավելում` Ռուզաննան միանգամից չի համաձայնել ամուսնանալ իր հետ, սակայն ի վերջո իր համառությունը հաղթել է:
Ասում է` պատերազմը շատերի կյանքն է վերարժևորել, ինքն էլ ուզում է լավ ընտանիք կազմել, երջանիկ ապրել:
Ապա սենյակ է մտնում մանկատան տնօրեն Լիլիա Աբրահամյանն ու հորդորում սափրվել, այլապես հարսը կարող է չհավանել իրեն:
Մանկատան շենքում տարօրինակ, բայց հաճելի մթնոլորտ է, մի մասը սեղան է զարդարում, մյուս մասը՝ փեսացուին ու հարսնացուին փնտրում: Հարսնացուն հուզված այս ու այն կողմ է գնում, հրաժարվում մեզ հետ զրույցից` ասելով արդեն շատ է խոսել:
Մանկատան շենք են գալիս ոչ միայն զույգի ծանոթները, այլև անծանոթներ, որոնք ուղղակի հարսանիքի կազմակերպման համար սնունդ կամ այլ անհրաժեշտ իրեր են բերում:
Թե որտեղ են հետագայում բնակվելու նորապսակները, հայտնի չէ, նրանք դեռ կապրեն մանկատանը:
Ի դեպ, «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ը լուծարվել է դեռ 2019 թվականին:
Մեկնաբանել