
Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվտանգության խնդիրը
Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանում, որը հանձնվել է ադրբեջանական ուժերին, 200 հեկտար ցանքատարածքներ է մշակել՝ աճեցնելով օրգանիկ հատիկաընդեղեն, հիմնականում՝ հաճար: Բերքի զգալի մասն արտահանվել է, մյուս մասն էլ՝ սպառվել Արցախում ու Հայաստանում: Պատերազմից հետո նա և բազմաթիվ այլ գործարարներ կորցրել են իրենց բիզնեսի մեծ մասը:
Բացի այն, որ բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց բիզնեսն ու աշխատանքը, այս խնդիրը նաև պարենային անվտանգության ռիսկեր է պարունակում: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է 500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է դրա 20-30%-ը: Եվ հիմա այդ 20-30%-ը «բաց է մնում»:
Հակառակորդին է անցել 95 հազ. հեկտար վարելահող
Արցախում, պաշտոնական տվյալներով, տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, մասնավորապես 2019-ին՝ 118 հազ. տոննա:
Թե պատերազմի հետևանքով հակառակորդին անցած հողերի կազմում որքան են հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածքները, հստակեցված չէ: Առայժմ միայն նախնական հաշվարկներ են: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են, որ նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազ. հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազ. հեկտարը՝ հացահատիկային: Հացահատիկային մշակաբույսերից ցանվում էին հիմնականում ցորեն, գարի ու հաճար:
Ինչ վերաբերում է հատիկաընդեղենին, ապա հակառակորդի վերահսկողության տակ անցած վարելահողերում, նախնական հաշվարկներով, մշակվում էր շուրջ 450 հեկտար հատիկաընդեղեն: Դա, կրկին, ըստ նախարարության հաղորդած տվյալների, կազմել է Արցախում հատիկաընդեղենի մշակաբույսերի ցանքատարածությունների 30%-ը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախում հացահատիկ և հատիկաընդեղեն է աճեցվել հիմնականում Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում: Միայն Շահումյանի ու Շուշիի շրջաններում է այն փոքր թիվ կազմել: Հաշվի առնելով հակառակորդին անցած տարածքների մասին տեղեկությունները՝ կարելի է ենթադրել, որ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 %-ն անցել է հակառակորդին:
Իսկ Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ), 2019 թվականին արտադրվել է մոտ 199 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որը 2018 թվականի համեմատ կրճատվել է 41.2%-ով:
Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալի քանակությամբ հացահատիկ է ներմուծում: Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին ներմուծվել է 250 հազար տոննա ցորեն: Հայաստան ներմուծվող ցորենի մոտ 90%-ը Ռուսաստանից է, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից ու Վրաստանից:
Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ ցորենի ինքնաբավության մակարդակը 2018 թվականին կազմել է 31.5%, որը տարիների ընթացքում նվազել է: Համեմատության համար 2014 թվականին այն կազմել է 48.7%:
«Ժամանակ կորցնելու իրավունք չունենք»
Հարություն Մնացականյանը շեշտում է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ժամանակ կորցնելու իրավունք չունեն. պետք է արդեն իսկ ծրագիր մշակել հստակ քայլերով ու անցնել այն իրագործելուն: Այլապես՝ ցորենի պարենային անվտանգության լուրջ խնդիրներ են առաջ գալու:
Գյուղատնտեսը դեռևս 2019 թվականից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ճանապարհային քարտեզ, որը սակայն մինչ օրս արձագանքի չի արժանացել:
Լուսանկարում՝ Հարություն Մնացականյանը
Ծրագիրը ներառում է չորս հիմնական ուղղություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի թարմացում, որակյալ սերմնացուի ներմուծում, հողերի պարարտացման վերահսկում և ցանքաշրջանառության ապահովում:
«Մեր տեխնիկան 40 տարվա է՝ 20-50% կորստով ենք բերքը հավաքում: Դա շատ լուրջ ազդեցություն է թողնում մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Հաջորդը պարարտացման խնդիրն է: Մեր գյուղացիները միշտ պարարտացնում են նույն ազոտական պարարտանյութով, որը հողն ամբողջությամբ դեգրադացնում է: Պետությունը պետք է պարտադիր միջոցներ ձեռնարկի՝ տարբեր գործիքներ կիրառելով, օրինակ՝ ինչ-որ քանակությամբ հող ունեցող գյուղացին չկարողանա ինչ-որ քանակությունից ավելի ազոտական պարարտանյութ գնել, որպեսզի հողը շարքից դուրս չգա»,- ասում է Հարություն Մնացականյանը:
Երրորդը ցանքաշրջանառության խնդիրն է: Գյուղատնտեսը համոզված է, որ գյուղացին պետք է պարտադիր ցանքաշրջանառություն իրականացնի: «Այսինքն՝ ամեն տարի, եթե դու նույն հողի վրա ցորեն ես ցանում, հողդ սկսում է աղքատանալ և բերքատվությունը պակասում է կամ զրոյանում: Գյուղացին սկսում է վնասով աշխատել և հրաժարվել հողը մշակել: Ցորենն առանց հատիկաընդեղենի չի կարող զարգանալ: Եթե ցորենի ցանքատարածքներում հաջորդ տարի հատիկաընդեղեն չես աճեցնում, հողը որակազրկվում է, հետագայում ցորեն էլ չես կարող աճեցնել: Դրանք փոխկապակցված կուլտուրաներ են: Ցորենից հետո պետք է հատիկաընդեղեն աճեցվի, որ հողն ազոտով հարստացվի: Պետք է հողը բալանսի բերել»,- շեշտում է նա:
Գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի՝ որոշակի կառուցվածքային փոփոխություններով, կարծում է մեր զրուցակիցը: Գյուղատնտեսության զարգացման ծրագրերը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկվեն ու հիմնավորվեն, որի համար կոմպետենտ մասնագետներ են հարկավոր:
Հարցին՝ արդյոք Կառավարությունից որևէ առաջարկ եղել է այն գյուղատնտեսներին, որոնք կորցրել են իրենց ցանքատարածքները՝ հակառակորդին հողերն անցնելուց հետո, Հարությունը Մնացականյանն իր օրինակով պատասխանում է, որ որևէ քննարկման կամ աջակցության առաջարկ չի ստացել: Շեշտում է, որ ֆինանսական աջակցության առաջարկի դեպքում չի ընդունի այն:
«Ես կարող եմ մեկ տարվա մեջ վերապրոֆիլավորվել, ուղղությունս կփոխեմ: Ես այս երկրում գյուղատնտեսությունը շատ լավ պատկերացնում եմ: Պետության վիճակը ծանր է, բյուջեն վատ վիճակում է, ես ինքս որևէ աջակցություն չեմ ուզում պետությունից: Բայց Կառավարությունը պետք է գործի անցնի: Կարելի է ընդհանուր կոնսենսուսի գալ և այս ճահճից դուրս գալ: Ես 2015 թվականից բարձրաձայնում եմ, որ մեր գյուղատնտեսությունը քարանձավային վիճակում է: Կարելի է հստակ քայլերով այս իրավիճակից դուրս գալ»,- ասում է Հարություն Մնացականյանը:
Աշնանացան ցորենի բերքին սպասելիս ...
էկոնոմիկայի նախարարի տեղակալ (գյուղատնտեսության գծով) Տիգրան Գաբրիելյանը կարծում է, որ առաջիկայում Հայաստանին հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի պարենային անվտանգության խնդիրներ չեն սպառնում: Պարենի պակասը կլրացվի ներմուծմամբ: Բացի այդ, այս պահին ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերից է աշնանացան ցորենի սերմնացուի սուբսիդավորման ծրագիրը, որն իրականացվել է այս տարվա աշնանը, իսկ արդյունքները կերևան եկող տարվա ամռանը:
Փոխնախարարն ընդգծում է, որ Հայաստանում մշակված ռազմավարության տրամաբանությունն է ոչ թե հացահատիկի ցանքատարածքների ավելացումը, այլ՝արդեն իսկ եղած ցանքատարածքներում բերքատվության մակարդակի բարձրացումը: Այսօր մեկ հեկտարից միջինում ստացվում է 1.8 տոննա ցորեն, սակայն այն հնարավոր է դարձնել ընդհուպ մինչև 8-10 տոննա: Զուգահեռ պետք է բարձրացնել նաև տեղական սերմարտադրությունը: Իսկ պարարտանյութերի ներմուծման շուկան, որը ազատականացվել է, ըստ Տիգրան Գաբրիելյանի, թույլ է տալիս ավելի որակով և ավելի մատչելի պարարտանյութ ձեռք բերել:
Լուսանկարում՝ Տիգրան Գաբրիելյանը
«Ամենակարևոր հարցերից է ցանքաշրջանառությունը: Հնարավոր է ներկայացնենք ծրագիր, ըստ որի՝ գյուղացին սերմնացուի ձեռքբերման սուբսիդավորում կստանա միայն այն դեպքում, երբ ցանքաշրջանառություն իրականացնի: Ցանքաշրջանառության պայմաններում բերքատվությունը շատ ավելի բարձր է»,- նշում է Տիգրան Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական տեխնիկային, փոխնախարարը, թեև համաձայն է, որ տեխնիկայի մի մասը բավականին հին է, սակայն պնդում է, որ վերջին տարիներին Հայաստան է ներմուծվել բավականին մեծ քանակի գյուղատնտեսական տեխնիկա: Թե որքան՝ թիվ չնշեց: Բայց այդ նոր տեխնիկան արդյունավետ չի օգտագործվում, քանի որ տեխնիկայի սեփականատերերն ու ֆերմերները չեն կարողանում իրար գտնել: Նախարարությունում մտածում են տեխնիկան ունեցող գյուղացուն ու ֆերմերին իրար կապող հեռախոսային հավելված ստեղծել:
«Այդ հավելվածում ֆերմերները կնշեն, թե որքան ցանքատարածքներ ունեն և երբ են նախատեսել բերքը հավաքել: Այդ տվյալները կտեսնեն տեխնիկա ունեցողները և կկարողանան իրենց ծառայությունները մատուցել ֆերմերներին: Ենթադրենք, տրակտորը գտնվում է Մասիսի տարածաշրջանում, իսկ ֆերմերները՝ կողքի գյուղերում: Տրակտորի սեփականատերը կհավաքի պատվերները: Նա մեկ հեկտարի համար չի գնա կողքի գյուղ՝ բերք հնձելու, բայց եթե պատվերների քանակն ավելի մեծ լինի, իր համար ձեռնտու կլինի»,- նշում է փոխնախարարը:
Նա կարծում է, որ Հայաստանում տեխնիկան կբավարարի այս ծրագրի համար: Ինչ վերաբերում է լիզինգի պայմաններին, ապա դրանք, ըստ փոխնախարարի, ձեռնտու են. կորոնավիրուսի պայմաններում լիզինգի տոկոսները զրոյացվել են:
Սրանք այն ծրագրերն են, որոնք նախարարությունը իրականացրել է նաև մինչև պատերազմը: Մեր հարցին՝ արդյոք կան թիրախային առանձին ծրագրեր՝ ուղղված պատերազմից հետո Արցախից ստացվող բերքի պակասը լրացնելուն և հողեր կորցրած ֆերմերներին աջակցելուն, Տիգրան Գաբրիելյանը պատասխանեց, որ առայժմ չկան:
Մեկնաբանել