
Ա. Բեգլարյան. «Ունենք անհետ կորածների մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, սպասում ենք ԴՆԹ անալիզների արդյունքներին»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին տեղի ունեցած օնլայն քննարկման ժամանակ ներկայացրեց զոհված զինծառայողների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը:
Մարմինները նախ փոխանցվում են համապատասխան դատաբժշկական մարմին, որտեղ փորձում են ինքնությունը պարզել, լուսանկարում են, և քննություն է անցկացվում:
Անհետ կորածների հարազատները լուսանկարներով կարողանում են գտնել իրենց հարազատներին, եթե մարմնի ֆիզիոլոգիական վիճակը թույլ է տալիս: Եթե հանրավոր չէ դեմքով կամ այլ նշաններով հասկանալ ինքնությունը, արդեն այդ մարմիններից վերցվում են ԴՆԹ անալիզներ, նաև անհայտ կորածների հարազատներից են ԴՆԹ անալիզներ վերցվում, և արդյունքների պարզ լինելուց հետո համեմատում են առկա տվյալների բազաների հետ:
«Այդպես շատ դեպքեր են եղել, երբ անհայտ կորածների հարազատները գտել են իրենց հարազատների մարմինները: Այսինքն՝ հիմա մենք ունենք արդեն կոնկրետ թվով անհայտ կորածների մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, և սպասում ենք ԴՆԹ անալիզների արդյունքներին»,- ասաց Բեգլարյանը:
Վերջինս նաև հայտնել էր, որ ադրբեջանական կողմը տարբեր տեղերից հավաքել և պահում է հայ զինծառայողների մարմինները, և անընդհատ ժամանակ է ձգում:
Անդրադառնալով Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ կապին՝ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ նրա հետ կապ չկա, և ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր ձևերով բացառում է Արցախի որևէ պետական մարմնի հետ կոնտակտը.
«Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի ՄԻՊ-ի հետ էլ կապ չկա: Ադրբեջանի ՄԻՊ-ի հանձնակատարը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ էր դրել: Հայտարարել էր, որ կարող է համագործակցել Հայաստանի ՄԻՊ-ի հետ, եթե հայկական կողմը վերջ տա տարածքների օկուպացիային»:
Արցախի ՄԻՊ-ը հորդորեց անհայտ կորածների հարազատներին տեղեկություններ չտեղադրել սոցցանցերում կորած զինծառայողների մասին, հատկապես՝ թե որտեղ կարող են նրանք թաքնվել: Այսպիսի տեղեկությունները պետք է կիսել միայն համապատասխան կառույցների հետ:
«Իմ լիազորություննների շրջանակներում և դրանից դուրս ինչ հնարավոր է, մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել բայց, ցավոք սրտի, լայն առումով արդյունքները դեռ մեծ չեն: Գերիների վերադարձման ժամկետները անկանխատեսելի են, առաջին հերթին կախված են ադրբեջանական կողմից»,- ասաց նա:
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարն էլ հայտնեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով:
Կողմերը դեռևս կարմիր խաչին չեն տրամադրել ամբողջական ցուցակը, թե քանի քաղաքացիական և զինվորական ռազմագերի կա:
«Մինչ չստանանք ամբողջական պատկերը, իհարկե, մեզ էլ դժվար կլինի ամբողջական պատկերացում կազմել, թե որքան են իրական թվերը, որտեղ են այդ մարդիկ, և ինչպես կարող ենք նրանց նույնպես տեսակցել:
Մեր կազմակերպությունն ունի այդ մանդատը, որպեսզի դիմի կողմերին՝ ստանալու ամբողջական ծավալով տեսակցության հնարավորություն: Գրեթե ամեն օր ստանում ենք տեսակցության հնարավորություն և հարազատների հետ ապահովում ենք կապը»,- նշեց Ամատունին:
Մեկնաբանել