
Էդմոն Մարուքյանը ՊՆ ներկայացուցչից պահանջում է ռազմագերիների փոխանակման հստակ ժամկետներ ներկայացնել խորհրդարանին
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու հարցը: Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, այն ներկայացրեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 25-ին, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Գորգիսյանը հիշեցրեց, որ հանձնաժողովում բավական լուրջ քննարկումներ են եղել, որին ներկա է եղել թե' կառավարության, թե' գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Գորգիսյանը կոչ արեց խորհրդարանին քվեարկել նախագծի օգտին, կառավարությանն էլ՝ բերել այն իրավական փաստաթղթերը, որոնց կարիքը կա:
«Կառավարության անգործության պատճառով չշարունակենք խիստ սահմանակումները, որոնց կարիքը չկա»,-ասաց Գորգիսյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու գլխավոր շտաբի ներկայացուցիչը չի հրավիրվել այսօրվա նիստին: Հիշեցնենք, որ վերջինս իր ելույթում ասել էր, որ կառավարությունը նախագծերի փաթեթ է մշակում, որպեսզի ռազմական դրությունը չեղարկելուց անմիջապես հետո հայտարարվեն եռամյսա վարժական հավաքներ՝ Հայաստանի սահմանների պահպանությունն իրականացնելու համար: Մարուքյանի համոզմամբ` գլխավոր շտաբի ներկայացուցչի ելույթը շփոթ է առաջացրել իշխանության ներսում, դա է պատճառը, որ այժմ որպես զեկուցող ներկայացվել է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:
ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանն արձագանքեց` խորհրդարանն արդեն իսկ կողմ է քվեարկել, որ հարակից զեկուցմամբ հանդես գա ՊՆ գլխավոր քարտուղարը:
Մարուքյանը պնդեց, որ նիստին պետք է ներկայանա նաև ՊՆ այն ներկայացուցիչը, որն իրավասու կլինի խոսել ռազմագերիներին առնչվող հարցերի մասին, թե վերջիններս երբ են Հայաստան վերադարձվելու, և ե՞րբ է զոհվածների իրական թիվը հրապարակվելու:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պնդեց` քանի դեռ կառավարության հեղինակած նախագծերը պատրաստ չեն, որոնք փոխարինելու են ռազմական դրությանը, առաջանալու է իրավական վակուում: Քննարկումները դեռ շարունակվում են:
Մեկնաբանել