
ՀՔԾ-ն լռում է, ոստիկանությունը՝ շարունակում ծառայողական քննությունը
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում՝ իտալացիներից առգրավված մոտ 10 հազար դոլարի անհետացման վերաբերյալ հրապարակումից հետո ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Փողի անհետացման մասին իմացել են իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ` hանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, գործը քննող երեք քննիչները, վերահսկող դատախազը եւ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը:
Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, բացի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից` հրապարակումից հետո այս հարցով զբաղվել է նաեւ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Հենց նա է խնդրել ոստիկանապետին, որպեսզի ինքը զբաղվի իր ենթակայության տակ գտնվող կառույցով:
Գործը քննող քննիչները քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանի ներկայությամբ բացատրագրեր են գրել, որտեղ, բնականաբար, ժխտել են փողի անհետացման փաստը: Թե ինչ կարգավիճակով են նրանք գրել այդ բացատրագրերը, հայտնի չէ: Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետին զեկուցել է, որ Արաբկիրի քննչականում նման դեպք չի եղել: Նշենք, որ Արծրուն Առաքելյանը Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Իսկ վերջինիս որդին Արծրուն Առաքելյանի տեղակալն է:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն, արդեն հայտնի է դարձել, որ քննչականից իսկապես անհետացել է իտալացուց առգրավված գումարը: Նա հրահանգել է շարունակել ծառայողական քննությունը: Իսկ «Հետքը» սպասում է եւ առայժմ ձեռնպահ մնում իր մոտ եղած նյութերը հրապարակել:
Դժվար է ասել՝ ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցի՞, թե՞ ոչ, որովհետեւ հանցագործությունը պարտակողը, ըստ երեւույթին, վերը նշած պաշտոնյաներն են: Եվ եթե քրեական գործ հարուցվի, ապա պետք է ի սկզբանե պարզ լինի, թե ում են պատժելու: Հավանաբար, քավության նոխազը դեռ չի գտնվել, եւ հենց սա է հիմնական պատճառը, որ առայսօր քրեական գործ չի հարուցվել:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել