
Վլադիմիր Պուտին․ «Վստահեցնում եմ, որ Հայաստանը իրեն լքված և մոռացված չի զգացել»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 1-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելիության հարցը։
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները համարվել են և համարվում են Ադրբեջանական Հանրապետության անբաժանելի մասերը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։
Հայաստանի ցուցաբերված աջակցության վերաբերյալ հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցային պայմանները չեն պարտավորեցրել Ռուսաստանին միջամտել ռազմական հակամարտությանը։
«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն կազմակերպության անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության վրա ոչ ոք չի հարձակվել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղիղ մասնակցություն ունենալ մարտական գործողություններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։
«Վստահեցնում եմ, որ Հայաստանը իրեն լքված և մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանը ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա»,- Россия 1-ին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Никольский
Մեկնաբանել