
Իբրահիմ Քալընը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին մեղադրել է Ղարաբաղի հարցով անգործության մեջ
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը (ԵՄ) հանդես չեն եկել կոնկրետ առաջարկություններով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են հասնել տարածաշրջանում հրադադարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը հանդես չեն եկել կոնկրետ և իրատեսական առաջարկություններով՝ Լեռնային Ղարաբաղի 30-ամյա հակամարտության կարգավորման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանը ու Թուրքիան այս հարցում կարողացան հասնել փոխըմբռնման»,- NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Քալընը։
Նա հայտնել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման վերաբերյալ, որը կապված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման և գործունեության հետ։
«Ավարտվել է երկխոսության առաջին փուլը, որին մասնակցում են պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Մոսկվան տեղեկացված է Անկարայի դիրքորոշման մասին։ Երկխոսության ընթացքում մոտակա օրերին կորոշվեն կենտրոնի տեղակայման վայրը և աշխատանքային հիմնական ուղղությունները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունը։ Մեր զինվորականները ցանկացած պարագայում կաշխատեն Ղարաբաղի հարցով մոնիթորինգային կենտրոնում»,- հավելել է Քալընը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան ստորագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիր։ Չնայած թուրքական կողմը պնդում էր, որ թուրք զինվորականները նույնպես մասնակցելու են խաղաղապահ առաքելությանը, ռուսական կողմը բազմիցս հերքել է այս հանգամանքը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն են իրականացնելու բացառապես ռուս խաղաղապահները։
Լուսանկարը՝ Hürriyet-ի
Մեկնաբանել