
Մեղադրանք է առաջադրվել Արթուր Վանեցյանին, Արծվիկ Մինասյանին, Իշխան Սաղաթելյանին ու ևս 8 անձի
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել 11 անձի։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մեղադրյալների շարքում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ի անդամներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։
Այսօր ավելի վաղ գրել ենք Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանին, Արա Սահակյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք առաջադրելու մասին։
11 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Նկատենք, որ Հատուկ քննչական ծառայությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված է եղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին այս պահին, փաստորեն, մեղադրանք չի առաջադրվել։
Մեկնաբանել