
Էդուարդ Շարմազանովը և Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Շարմազանովին ձերբակալելու որշումը։ Նշենք, որ Շարմազանովի ձերբակալման դեմ բողոքը քննել և բավարարել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Քիչ առաջ ազատ է արձակվել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը։ Վերջինիս փաստաբան Գարիկ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Մանուկյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը քննել և բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի դատավոր Վարդան Գրիգորյանը։
Նշենք, որ Շարմազանովը, Մանուկյանը և այլ անձինք կասկածվում են Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը:
Մեզ հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Գարիկ Սահակյանը նշեց, որ Գեղամ Մանուկյանը կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակից մեկնարկած հավաքին մասնակցել է, ելույթ է ունեցել, բայց ինքը չի կազմակերպվել այդ հավաքը, իսկ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածը վերաբերում է հավաք կազմակերպելուն և անցկացնելուն։
«Նա ասում է նաև, որ, այո, եղել եմ հանրահավաքի վայրում, խոսել եմ, սակայն չեմ փախել, ինձ բերման չեն ենթարկել, այլ առաջարկել են և իրենց մեքենայով ներկայացել եմ Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Գարիկ Սահակյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանը քննել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ձերբակալման դեմ բողոքը, որը նույնպես բավարարվել է, Վանեցյանն ազատ է արձակվել։
Վերը նշված, ինչպես նաև մի խումբ այ քաղաքական, հասարակական գործիչներ ձերբակալվել են նոյեմբերի 11-ին և 12-ին։
17 կուսակցություն նոյեմբերի 11-ին, համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն պահանջով հանրահավաք տեղի ունեցել նաև նոյեմբերի 12-ին։
Լուսանկարում՝ ձախից՝ Էդուարդ Շարմազանովը, աջից՝ Գեղամ Մանուկյանը
Մեկնաբանել