
Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ոչ իրավաչափ է ճանաչել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալման որոշումը։ Վանեցյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է երեկ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 307.1 և 225.1 հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։
17 կուսակցություն երեկ՝ նոյեմբերի 11-ին, համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահավաքը նախաձեռնած անձանց մի մասը, սակայն, ձերբակալվել է։
Մեկնաբանել