
Մասիսի քաղաքապետը հայտնել է, որ որևէ կապ չունի հավաքը կազմակերպելու կամ անցկացնելու հետ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել է այնպիսի հոդվածով արարք կատարելու կասկածանքով, որի համար նախատեսված պատիժը 200-ից 300 հազ. դրամ տուգանք է կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Խոսքը Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի մասին է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը։
Համբարձումյանը կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, որ ինքը որևէ կապ չունի հավաքը կազմակերպելու կամ անցկացնելու հետ։
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը, որից հետո Համբարձումյանը ձերբակալվել է, նախաձեռնել են Հայաստանի 17 կուսակցություններ, իսկ Մասիսի քաղաքապետ Համբարձումյանը եղել է հարթակում, որտեղից անձինք ելույթներ են ունեցել։
«Երևի տեսանյութերը նայել են, ասել՝ բռնեք»,- կարծիք հայտնեց Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս բողոքարկել է Դավիթ Համբարձումյանին ձերբակալելու որոշումը, պնդում է, որ Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով Համբարձումյանը չէր կարող ձերբակալվել։
Մասնավորապես, Աթանեսյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է, որ «ձերբակալել կարելի է այն անձին, որը հիմնավոր կերպով կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով», սակայն Դավիթ Համբարձումյանը 8 տարեկանից փոքր 2 երեխա ունի, որի պայմաններում նրան վերագրվող հոդվածով նա չի կարող կալանավորվել։
Մեկնաբանել