
Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարները` 1000 դրամները, բարձրացնել ըստ աշխատավարձի հարկման բազայի:
Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 5-ին, Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ:
Պատգամավորներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ուստի պատգամավորներն առաջարկում են ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:
Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունն ուժի մեջ է մտել 2017 թվականին` պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ագզ-բանակ կոնցեպտի շրջանակում: Հիմնադրամի առաքելությունն է հատուցել այն զինծառայողներին (կամ նրանց կարգավիճակին հավասարեցված անձանց), որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով: Հատուցումները տրամադրվում են նաև անհետ բացակայող ճանաչվելու պարագայում:
Կախված զինվորական ծառայության աստիճանից` զինծառայողների ընտանիքներին ընդհանուր առմամբ տրամադրվում է 58 միլիոն դրամից մինչև 85 միլիոն դրամ: Հատուցման գումարի մի մասը` 500 հազար դրամից մինչև 10 միլիոն դրամ տրամադրվում է միանվագ՝ դեպքը տեղի ունենալուց հետո՝ մի քանի աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մնացածը՝ ամսական հավասար մարումներով՝ 20 տարվա ընթացքում: Հիմնադրամի գործունեության շուրջ 4 տարիների ընթացքում հավաքագրվել է ավելի քան 32 միլիարդ դրամ, որից շուրջ 27 միլիարդը` պարտադիր վճարումների միջոցով:
Եթե 2018-ի մայիսի դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր 2017 թվականի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ապա շուրջ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հիմնադրամը սկսել է 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Թե որքանով այս գործընթացն իրականացվեց մինչ պատերազմական դրությունը, այս պահին դեռ պարզ չէ, սակայն հիմնադրամի կայքում կարելի է գտնել ընդհուպ մինչև 2008 թվականի դեպքերի համար հատուցում:
Հիշեցնենք, որ ինչպես այս նախագիծը, այնպես էլ ՊՆ ներկայացրածը դեռևս նախագիծ է, այն կարող է ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո:
Ընդգծենք նաև, որ այս օրենքի շահառու են ոչ միայն զինծառայողներն ու զինվորականները, այլ նաև տարածքային պաշտպանությանը ներգրավված և մարտական գործողություններին մասնակցած կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը:
Մեկնաբանել