
Պաշտպանության բանակը Շուշիի ուղղությամբ հակառակորդի ոչնչացման գործողություններ է իրականացնում
Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի ուշ, Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Կեսգիշերից հետո Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ՝ հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումները:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Մեկնաբանել