
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզաբանում է
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ցանկանում է պարզաբանում մտցնել Hetq.am կայքում ս.թ. մարտի 20-ին «ՎիվաՍել-ՄՏՍ-ն ինձ դատի է տալիս` ինձ խաբելու և իմ չօգտագործած ինտերնետի գումարը բռնագանձելու համար» վերնագրի ներքո լույս տեսած հոդվածի առնչությամբ: Հույս ունենք, որ հրապարակումը բջջային կապի ծառայությունների էության և իրավական դրույթների թյուրըմբռնման արդյունք է և ոչ` ընկերության բարի համբավը վարկաբեկելու փորձ:
Ի դեպ` բաժանորդը նաև վերը նշված հրապարակման հեղինակն է, որը լրագրողական էթիկայի տեսանկյունից արդեն իսկ ընդունելի չէ, քանի որ առկա է շահերի բախում, ինչը կարող է էականորեն ազդել փաստերը ներկայացնելու` հոդվածագրի օբյեկտիվության վրա: Մասնավորապես, հրապարակման մեջ կա հետևյալ պնդումը, որը չի համապատասխանում իրականությանը. «10787 դրամը ընկերությունն ուզում է բռնագանձել պայմանագրի ավարտից հետո ընկած ժամանակահատվածի համար, երբ ես չեմ օգտվել ընկերության ինտերնետ ծառայությունից»: Մեկ այլ պնդմամբ նշվում է. «Ի վերջո, 2011-ի նոյեմբերի 13-ին պայմանագիրն ավարտվեց…»:
Համաձայն ՀՀ օրենսդրության` պայմանագիրը դադարում է, երբ երկու կողմերը կամ հատուկ դեպքերում` մեկ կողմը համապատասխան ձևով որոշում է լուծել պայմանագիրը: Հետևաբար այն փաստը, որ բաժանորդը չի օգտագործում իր սարքը ծառայություններ ստանալու համար, դեռ չի նշանակում, որ պայմանագիրը դադարել է, իսկ օպերատորը դադարեցրել է ծառայությունների մատուցումը և չի կատարում համապատասխան քայլեր դրանց մատուցման համար: Բացի այդ, շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները (այսուհետ` Ընդհանուր պայմաններ) և ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ սահմանում են պայմանագրի դադարեցման դեպքերը և կարգը: Եթե բաժանորդը պայմանագիրը լուծելու խնդրանքով դիմեր ընկերությանը, ընկերությունն այն կլուծարեր անմիջապես:
Բաժանորդի կողմից ծառայության մատուցման կասեցման մասին պաշտոնական դիմումը ընկերությանը ներկայացվել է 2011 թ. դեկտեմբերի 7-ին, այն բանից հետո միայն, երբ բաժանորդը ծանուցվել էր հաշիվը վճարելու անհրաժեշտության մասին: Ավելին, 2011-ի նոյեմբեր ամսվա ընթացքում, տվյալների փոխանցման նշված քարտի միջոցով բաժանորդն օգտագործել էր 3 ԳԲ ինտերնետ: Պայմանագրի գործողության ընթացքում բաժանորդ Քրիստինե Աղալարյանի կողմից տվյալների օգտագործման միջին ամսական ծավալը կազմել է մոտ 2 ԳԲ:
Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի համար սահմանված ամսավճարը կախված չէ բաժանորդի կողմից ամսական սպառված ինտերնետի ծավալից: 8800 ՀՀ դրամը անսահմանափակ ինտերնետի համար ֆիքսված ամսավճար է` նախատեսված «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի բացառում, որ ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելիս իր ցանցում կարող էին տեղ գտնել որոշակի կարճատև խնդիրներ: Սա կապված է 2012-ին իրականացվող` ցանցի երկարաժամկետ զարգացման, վերազինման և ընդլայնման աշխատանքների հետ, որոնք թույլ կտան մեծացնել ցանցի թողունակությունը և բարելավել ծառայությունների որակը: Ցանցի վերջնական վերազինման աշխատանքները դեռևս շարունակվում են և նպատակ ունեն բացահայտելու և վերացնելու որոշ տարածքներում հաղորդակցության հետ կապված խնդիրները:
Օրենսդրության և Ընդհանուր պայմանների համաձայն` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին մի քանի անգամ տեղեկացրել է այդ մասին և հայցել է նրանց ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար:
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժին
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել