
ԱԱԾ տնօրենի տեղակալ․ «Պատերազմական գործողություններին մասնակցած ԱԱԾ սահմանապահների շրջանում 37 զոհ, 4 անհայտ կորած և 243 վիրավոր կա»
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից պատերազմական գործողություններին մասնակցած ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների շրջանում կա 37 զոհ, 4 անհայտ կորած և 243 վիրավոր։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արմեն Աբազյանը։
Վերջինս ներկայացրեց սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի, ստացված հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ։
Այս պահին, Աբազյանի խոսքով, ԱԱԾ-ում քննվում են պետական դավաճանության և լրտեսության, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման, ՀՀ-ում գործող հսկիչ անցագրային կետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործեր։
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ազգային Անվանտգության ծառայությունում գործող թեժ գծի հեռախոսահամարին, ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի, ստացվել է 1551 ահազանգ, որոնք հիմանականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ԱԱԾ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։
Արտաքին հետախուզության ոլորտում կատարված աշխատանքի արդյունքում, ըստ Աբազյանի, գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունն, այլ նաև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները, արձանագրվել են ռազմական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցներն, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղադրված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ։
Անդրադառնալով պետական դավաճանության և լրտեսության դեպքին՝ Աբազյանը նշեց, որ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականին հակառակորդի կողմից հավաքագրելու դեպք, որի արդյունքում տվյալ զինծառայողը ՀՀ-ի զորամասերից հավաքել է տարբեր բնույթի, այդ թվում՝ գաղտնիք համարվող տեղեկություններ ու դրանք փոխանցել հակառակորդին։ Մեկ այլ դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքով էլ ԱԱԾ-ում հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում։
Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման դեպքի առթիվ ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ Ն․Մ-ն սեպտեմբերի 27-ից Արցախում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է և նրա նկատմամբ հետագայում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ԱԱԾ-ն, ըստ Աբազյանի, մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Մասնավորապես՝ ՀՀ Պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ռազմական ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն՝ Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ավտոճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել է 10-ից ավելի անցակետ, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու հնարավոր օտարերկրյա լրտեսների ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն և դիվերսիոն խմբերի բացահայտումը։ Բացահայտվել է նաև զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր։
Պատերազմական գործողությունների ընթացքում, ԱԱԾ տնօրենի խոսքով, աննախադեպ աճել է պետական համակարգի վրա կիբեր հարձակումների քանակը։ Աբազյանն ասում է՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս արձանագրվել է կիբերհարձակման 692 հզ դեպք։
Համացանցում տեղադրված կեղծ հրապարակումերի վերաբերյալ Աբազյանը հայտնեց, որ համացանցում խուճապ առաջացնող տրամադրություններ տարածելու, ինչպես նաև լուսանկարներ և տեսագրություններ տարածելու ուղղությամբ կատարված աշխատանքների 240 դրվագ է գրանցվել, որոնք փոխացվել է ոստիկանություն։
Մեկնաբանել