
Տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին 7.5 %-ով նվազել է
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 7.5 %-ով։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, օգոստոսին գրանցված անկման համեմատ, որը կազմել էր 9.8%, սեպտեմբերին անկման տեմպերը որոշակի դանդաղել են։
Տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով` հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 6.6%-ով։
Ինն ամիսների հաշվարկով միայն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում է փոքր աճ գրանցվել, մինչդեռ մյուս ոլորտներում տեսանելի անկում կա։
Մի քանի ամիս շարունակ գրանցված նվազումից հետո արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 1.8%-ով։ Իսկ հունվար-սեպտեմբերի կտրվածքով աճը 1% է։ Ինը ամիսներին արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 433 մլրդ դրամ։
Դրական դինամիկա է նկատվում նաև շինարարության ոլորտում։ Սեպտեմբերին աճը կազմել է 0.6%։ Իսկ հունվար-սեպտեմբերին գրանցվել է 15.7% անկում, շինարարության ծավալները կազմել են 224.3 մլրդ դրամ։
Սեպտեմբերի շարունակվել են կրճատվել ներքին առևտրաշրջանառության ու ծառայությունների ծավալները։
Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է շրջանառության ծավալների 10.8 անկում։ Հունվար-սեպտեմբերին առևտուրը կազմել է մոտ 2 տրլն 43 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 11.4%-ով։
Ծառայությունների ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 18.3% նվազում, հունվար-սեպտեմբերին 11.7%։ Ինն ամսում ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 266 մլրդ դրամ։
Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը, պաշտոնական տվյալներով, հունվար֊սեպտեմբերին կազմել է 555 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 0.5%-ով։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ծավալները չեն հրապարակվում ամսական կտրվածքով։
Այսպիսով, ինչպես կարելի է տեսնել ստորև գտնվող գրաֆիկում, մի քանի ամսվա անկումից հետո սեպտեմբերին երկու ոլորտներում՝ արդյունաբերության և շինարարության, դրական դինամիկա է նկատվում։ Ծառայությունների ու առևտրի ոլորտի անկման տեմպերն էլ դանդաղել են։ Այս ամենը նպաստել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկման դանդաղմանը, ինչը, ցավոք, չի կարելի սպասել հոկտեմբերին։
Սեպտեմբերին սպառողական ապրանքները 1.4%֊ով թանկացել են
Ըստ Վիճկոմիտեի հաշվարկների՝ այս տարվա սեպտեմբերին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. սեպտեմբերը 2019թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 1.4%, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի, նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում:
185 316 դրամ՝ միջին աշխատավարձը սեպտեմբերին
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա սեպտեմբերին կազմել է 185 316 դրամ, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 3.9%֊ով։ Աշխատավարձի այս ցուցանիշը ներառում է նաև հարկերը։
Ընդ որում ՝ պետական հատվածի աշխատավարձը կազմել է 167 234 դրամ (աճը՝ 6.3%), իսկ մասնավոր հատվածինը՝ 193 587 դրամ (աճը՝ 2.7%):
Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու նոր կորոնավիրուսի բռնկման օրերին ցածր աշխատավարձ ստացողների հարկադիր պարապուրդի անցնելը մեխանիկորեն հանգեցրել են միջին աշխատավարձի աճին։
Հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 186 967, որը 2019-ի նույն ամիսների համեմատ բարձրացել է 4.7%-ով։
Սեպտեմբերին արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել
Այս տարվա սեպտեմբերին արտահանումը Հայաստանից, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 4.6%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 20.4%-ով։
Ընդհանուր առմամբ, ինն ամիսներին Հայաստանը աշխարհի հետ 5 մլրդ 48 մլն դոլարի առևտուր է արել, որը 2019֊ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 10.5%-ով։
Արտահանումն այս ամիսներին կազմել է 1 մլրդ 828 մլն դոլար՝ նվազելով 4.4%֊ով, ներմուծումը՝ 3 մլրդ 220 մլրդ դոլար, անկումը՝ 13.7%։
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել