
Հանդիպում Ժնեւում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկելու համար
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին հանդիպել Ժնեւում՝ քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու բոլոր անհրաժեշտ քայլերի իրագործումը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբաի հայտարարության մեջ, որ քիչ առաջ տարածել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Համանախագահները կողմերին հորդորել են անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության բոլոր ասպեկտները կյանքի կոչելու ուղղությամբ` իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն, նշելով, որ հոկտեմբերի 18-ին նրանք վերահաստատեցին այդ պարտավորությունները Փարիզի հետ: Համանախագահները նաև հիշեցրել են կողմերին 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը, ինչպես նաև հոկտեմբերի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Ռ. Պոմպեոյի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Իրենց ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ մարդասիրական հրադադարի ռեժիմի կիրառումը, հրադադարի ռեժիմը դիտարկելու հնարավոր չափանիշները և համապարփակ լուծման հիմնական բովանդակային տարրերի քննարկում սկսելը` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության:
Լուսանկարում՝ Զոհրաբ Մնացականյանը եւ Մինսկի խմբի համանախագահները
Մեկնաբանել