
Կարոյի այգին
Եթե սովորական հրաշքների նկատմամբ թերահավատ ես, խորհուրդ եմ տալիս Մեղրի գնալ, այցելել Կարո Կարապետյանի ձիթենու այգին, որն արդեն հաղթահարել է Մեղրիին ոչ հատուկ այս տարվա խստաշունչ ձմեռվա բոլոր դժվարությունները և զարթոնք է ապրում:
Տարիներ առաջ, ինչպես և շատերը, Կարոն ևս մանրածախ առևտրով էր զբաղվում, չէր հավատում, որ հողը կարող է բարեկեցություն ապահովել: Շփվելով տարբեր մատակարարների հետ` տեսնում էր, որ պարբերաբար որոշ ներկրվող ապրանքներ դժվարությամբ են իրացվում, որովհետև դրանց արտադրությունն արդեն իսկ երկրում էր կազմակերպվում: Այդ ընթացքում նա ձիթապտղի` զեյթունի, պահածոյացված հազարավոր տուփեր էր «ցրում» խանութներին և հաշվարկում, որ այն սպառողին հասնում է մի քանի անգամ թանկ գնով: Ու խորհրդակցելով մասնագետների հետ, որ հնարավոր է Մեղրիում ձիթապտղի այգի հիմնել, Կարոն թողնում է առևտուրը և որոշումից 12 տարի անց արդեն 6 հա ձիթապտղի այգի ունի:
«Դժվարություններ շատ եմ կրել, -պատմում է Կարոն,-2002 թվականին դեռևս նորատունկ այգու ծառերի մեծ մասը ցրտահարվեց, առիթից օգտվեցի և դիմեցի Մեղրի այցելած երկրի այն ժամանակվա նախագահ Ռ.Քոչարյանին` խնդրելով,որ արտոնյալ վարկ տրամադրեն այգին վերջնականապես կործանումից փրկելու համար, խոստացավ, բայց այդպես էլ որևէ պատասխան չստացա»:
Եվ քանի որ Կարոն հաստատ էր իր որոշման մեջ, վաճառեց տարիների ընթացքում առևտրով մայրաքաղաքում և Աբովյանում ձեռք բերած բնակարանները և 2011թվականին ստացավ առաջին բերքը` 5.5 տոննա ձիթենու պտուղ:
«Ամենահեշտն իրացումն էր, -ասում է Կարոն, -համային և արտաքին որակական հատկանիշերով մեր բերքն ավելի որակյալ է, քան ներկրվող պահածոյացվածները, մանավանդ, որ տեխնոլոգիական առումով դժվարություն չկա տնային պայմաններում պահածոյացնելու համար, ուստի շատ կարճ ժամանակում սպառվեց բերքը:
Այս տարի, սակայն, Կարոն և եղբոր ընտանիքը, ում հետ համատեղ են մշակում այգին, որոշել են ստացված բերքի պահածոյացումը ևս տեղում կազմակերպել: Լրացուցիչ վարկային միջոցներ չի ուզում ներգրավել, չնայած համոզված է, որ վարկային ռեսուրսների նպատակային օգտագործումը խնդրի լուծման հաջողություններից մեկն է, ինչպես, օրինակ, ինքը ՔԱՐԴ-ից ստացած վարկով ամբողջովին ոռոգելի դարձրեց վարձակալված այգին.
«Քմահաճ բույս է, դրա համար մտածեցի, որ մաքուր խմելու ջրով պիտի ջրվի այգին, և չնայած կարող էի Արաքսի ջուրն օգտագործել, բայց հսկայական ծախս կատարեցի, որ բարձր բերքի բոլոր պայմաններն ապահովված լինեն»,-ասում է Կարոն և հավելում, որ Մեղրիի հողը անսպառ աղբյուր է բարեկեցիկ ապրելու համար, բայց տարիների ընթացքում մարդիկ հարմարվել էին հանքարդյունաբերությունում, մաքսատանը, սահմանապահ կայազորում աշխատելուն, դրա համար որոշ ժամանակ հողն աչքաթող էին արել և սոցիալական պայմանները վատացել էին:
Նրա խոսքով, եթե պետությունը շարունակի վերջին տարիների գյուղատնտեսության նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը, աջակցությունը, ապա հողը ոչ միայն կկերակրի մարդուն, այլև բարեկեցիկ ապրելու լավագույն միջոցներից մեկը կդառնա:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել