
Բանկերը հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները
Բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները:
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որը վերաբերում է ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություններին:
Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ում խոսքով՝ առաջարկվում է բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն ընձեռել առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները, ընդ որում՝ ոչ միայն տույժ տուգանքները, այլև վարկի մայր գումարները:
«Նախագիծը նպատակ ունի ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները ներել, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ»,-ասաց փոխնախարարը:
Արման Պողոսյանի խոսքով` նման հնարավորություն է տրվելու նաև անհատ ձեռնարկատերերին և նոտարներին: Քանի որ վարկերի ներումը կարող է առաջացնել հարկային հետևանք` եկամտի հաշվեգրում, հետևաբար նաև՝ եկամտային հարկի փոխանցում բյուջե, առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող եկամուտ, որպեսզի բանկերն ազատվեն եկամտային հարկ վճարելուց:
Նախագիծը հնարավորություն է տալու ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկեց հիմնական զեկուցողին պարզաբանել, որ նախագիծը ոչ թե նրա մասին է, որ անպայման բոլոր վարկերը ներվելու են, այդ իրավասությունը տրվելու է բանկերին, և հենց վերջիններս են որոշելու` վարկային պարտավորությունները ներվելու են, թե՞ ոչ:
«Ես վերահաստատում եմ այն, ինչ Դուք ասացիք, սա հնարավորություն է բանկերին ու վարկային կազմակերպություններին, որ առանց հարկային հետևանքների կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած և իրենց փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները»,-արձագանքեց Ֆինանսների փոխխնախարարը: Արման Պողոսյանը նաև հայտնեց, որ արդեն իսկ կան բանկեր, որոնք, չսպասելով այս նախաձեռնությանը, որոշ անձանց վարկեր ներել են:
Մեկնաբանել