
ԵՏՄ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկային պարտավորություններից. կառավարության առաջարկը
Կառավարությունն առաջարկում է ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին ազատել հարկային և դրոշմավորման պարտավորություններից:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 18-ին, այն մշակել են Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն:
Օրենքով առաջարկվում է ամրագրել, որ ԵՏՄ անդամ երկրներից Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:
Նման կարգավորումներ է առաջարկվում կիրառել նաև նվիրատվությամբ մատակարարված ապրանքների` ակցիզային դրոշմավորման պարտավորությունների դեպքում:
Ըստ այդմ` դրոշմավորման ենթակա չեն Հարկային օրենսգրքի համաձայն ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա այն ապրանքները, որոնք ռազմական դրության ժամանակահատվածում նվիրատվության ձևով փոխանցվում են Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և (կամ) Առողջապահության նախարարություններին:
Նախագծի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ է ունենալու և տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում նվիրատվությամբ տրամադրվում են Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և (կամ) Առողջապահության նախարարություններին:
Գործող հարկային օրենսդրության համաձայն՝ անկախ հետագայում ապրանքներն անհատույց պետությանը հանձնելու հանգամանքից, հարկ վճարողների կողմից ներմուծումը հարկվում է ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ-ով), իսկ որոշ ապրանքների դեպքում՝ նաև ակցիզային հարկով և (կամ) բնապահպանական հարկով, ինչը լրացուցիչ բեռ է ներմուծող անձանց համար: Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարող հարկ վճարողների համար լրացուցիչ բեռ է նաև ապրանքների դրոշմավորման պարտավորությունը: Սա է նման օրենսդրական նախաձեռնության պատճառը:
Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դեռևս պետք է ստանա գլխադասային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մեկնաբանել