
13 կուսակցություն պահանջում է հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ
Հայաստանի արտախորհրդարանական 13 քաղաքական ուժեր Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միասնական հայտարարություն են ընդունել, որը ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ներկայացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Կուսակցությունները պահանջում են Հայաստանի կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Այդ մարմնինը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։
Բացի այդ պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունից պահանջում են ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:
Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, որ պատերազմի առաջին օրերից քաղաքական ուժերը միասնական են եղել, մի կողմ են դրել իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունները։ 20 օրերի ընթացքում քաղաքական ուժերը պարբերաբար հանդիպումներ են ունեցել և պատրաստ են օպերատիվ շտաբի և նախագահների հանդիպման օրակարգով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ հայտարարության վերաբերյալ իրենք տեղեկացրել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին, հայտարարության տեքստը հրապարակվելուց հետո կուղարկվի նրանց, որոնք իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Այս հարցի հետ կապված վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ առանձին քննարկում տեղի չի ունեցել։
Հայտարարությանը միացել են ստորև նշված կուսակցությունները
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Համերաշխություն» կուսակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել