
Հովհաննես Թամամյանը 4 տարով ազատազրկվեց
Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:
Մյուս ամբաստանյալները՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի օպերատիվ գծով պատասխանատու Արմեն Պողոսյանը եւ քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը, դատապարտվեցին 2,6 տարվա պայմանական ազատազրկման: Դատախազ Հարություն Հարությունյանը մեղադրական ճառով դատարանին միջնորդել էր վերջիններիս դատապարտել 2,5 տարվա պայմանական ազատազրկման, իսկ Թամամյանին՝ 4 տարով ազատությունից զրկել:
Երեք ամբաստանյալներն էլ, ընդունելով իրենց մեղավորությունը, դատարանին խնդրել էին կիրառել արագացված կարգ, ինչը նշանակում է, որ նրանց նկատմամբ չէր կարող նշանակվել այնպիսի պատժաչափ, որը գերեզանցում է առաջադրված հոդվածի սահմանած առավելագույն պատժի 2/3-ը: Հ. Թամամյանը մեղավոր ճանաչվեց «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» հոդվածի հատկանիշներով, եւ նրան, եթե չկիրառվեր արագացված կարգ, սպառնում էր 2-ից 6 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Թամամյանը դեռ անցյալ տարի «Հետքին» ասել էր, թե որեւէ հանցագործություն կատարելու մեջ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ հանցագործություն չի կատարել եւ լիազորությունների սահմանը չի անցել:
«Հակառակը, օգնել եւ աջակցել եմ հանցագործության բացահայտմանը եւ հանցագործների հայտնաբերմանը,- ասել էր Թամամյանը՝ նշելով,- նախագահին ոչ ճիշտ ինֆորմացիա է տրվել իմ գործողությունների մասին, ով է դա արել` կռահում եմ»:
Վաղը կլրանա 1 տարին, ինչ Հովհաննես Թամամյանն ազատազրկված է: Դատավոր Վարդանյանը միաժամանակ վճռել է գեներալ-մայորին զրկել երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրա գործընկեր ամբաստանյալները վճռի հրապարակումից հետո հենց դատարանի դահլիճից ազատ են արձակվել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել