
Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) նախագահ էին ընտրում: Ինքնառաջադրվել էր մեկ թեկնածու՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել են ՍԴ բոլոր՝ 9 դատավորները, ինքը ստացել է 6 կողմ ձայն:
Արման Դիլանյանը նախկինում հայտարարել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ: Լրագրողները հիշեցրին Դիլանյանին նախկինում իր հայտնած տեսակետը:
«Այս իրավիճակում չեմ ուզում պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, մենք պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Ես ասել եմ, որ չեմ ուզում լինել նախագահ և իրականում ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Հիմա էլ եմ այդ կարծիքին, և, ինչպես նկատում եք, այնպես չէ, որ շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ: Պատկերացնում եմ՝ ինչ պատասխանատվություն է և ինչ աշխատանք է մեզ սպասվում»,-ասաց Արման Դիլանյանը:
ՍԴ նորընտիր նախագահը հակիրճ պատասխանեց լրագրողների հարցերին եւ խոստացավ առաջիկայում մեծ հանդիպում կազմակերպել:
Այնուամենայնիվ, անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի հետ, որոնց հետ տարաձայնություններ կային, և ինչ վիճակ է այժմ ՍԴ-ում, Դիլանյանն ասաց. «Չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի»:
ՍԴ նորընտիր նախագահը նշեց, որ գիծ է քաշում անցյալում կատարվածի վրա և նայում է դեպի ապագա։ Հիմա ամեն ինչ անելու է, որ ունենանք ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 25-ի աշխատակարգային նիստում կայացած գաղտնի քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ թվով ձայներ չէր ստացել: Ուստի կազմակերպվեցին նոր ընտրություններ:
Լուսանկարը՝ https://helpcourt.am/-ի
Մեկնաբանել