
Բագրատ Էսդուգեան. «Պուտին եւ Էրտողան ոչ բարեկամ երկու լառախաղացներ են նոյն պարանին վրայ»
Ներկայացնում ենք «Հետքի» հարցազրույցը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էսդուգեանի հետ։
- Պրն. Էսդուգեան, Թուրքիայում կա՞ն հանրային քննարկումներ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։
- Թուրքիոյ հասարակութիւնը Արցախի մասին կը լսէ հայատեաց քարոզչութիւն կատարող թրքական մետիայի միջոցաւ: Ապատեղեկացուած ժողովուրդը պատկերացում մը չունի խնդրին պատմական անցեալին մասին:
- Ինչպե՞ս են Թուրքիայում վերաբերվում Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավվմանը և Ադրբեջանին ցույց տված և՛ ռազմական, և՛ դիվանագիտական բացահայտ աջակցությանը։ Ինչպե՞ս են Թուրքիայի այս քայլերը ընկալվում և դրանց ինչպիսի գնահատական են տվել տարբեր քաղաքական խմբեր՝ ձախական, աջական, լիբերալ։
- Էրտողանի ռազմատենչ քաղաքականութեան ձայնակցողներ շատ են: Իշխանութեան գործադրած ճնշումի բերմամբ ընդդիմադիր ձայներ չեն լսուիր:
Ձախերու պարագան բաւականին վիճելի է, քանի որ անոնց զգալի մէկ մասը տարուած է նաեւ քեմալական ազգայնականութեամբ: Մեծ թիւով լիպերալներ լքած են երկիրը եւ ապաստանած Եւրոպա: Համալսարանական երիտասարդութիւնը՝ որ անցեալին շատ կարեւոր գործօն մըն էր իշխանութիւններուն դէմ, բոլորովին չէզոքացուած է ոստիկանական ծանր պաշարման տակ: Իշխանութեան ճնշման դէմ խիզախ կեցուածք պահող երկու ուժերն են «Ժողովուրդներու Տեմոքրաթական Կուսակցութիւնը» եւ ֆեմինիստական շարժումը: Միայն անոնք են որ կը համարձակին բողոքի ցոյցերով փողոց ելլել եւ ճակատիլ ոստիկանութեանդէմ: Գործող մի քանի ընդդիմադիր թերթերու եւ հեռուստակայաններու ազդեցութիւնը խիստ անբաւարար է:
- Ադրբեջանի հետ հարաբերություններում Էրդողանը առաջ է քաշել նոր՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, ի՞նչպես են սրան վերաբերվում Թուրքիայում։
- «Մէկ ազգ երկու պետութիւն» կարգախօսը հիմնուած է երկու ժողովուրդներու գլխաւոր հասարակ յայտարարի՝ հայատեացութեան վրայ: Թուրքիա օր ըստ օրէ կը հակի արաբամէտ սուննի սկզբունքներուն, որոնք լրջօրէն կը հակասուիիրանամէտ շիա Ատրպէյճանն: Կարգախօսը ուժի մէջ կը մնայ այնքան ատեն որ կայ հայկական խնդ: Այդ խնդրին (թէեւ դժուար) խաղաղիլը կը սնանկացնէ նաեւ «մէկ ազգ երկու պետութիւն» սնամէջ արտայայտութիւնը:
- Որո՞նք են այն ներքին դրդապատճառները, որ ստիպում են Էրդողանին խառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ակնհայտորեն պաշտպանել Ադրբեջանին։ Շատ մասնագետներ նշում են, որ Թուրքիայի տնտեսական իրավիճակը օրեցօր վատանում է՝ հակամարտության ֆոնին թուրքական լիրան գրանցեց ռեկորդային արժեզրկում, և որ հակամարտությանը խառնվելով Էրդողանը փորձում է ուշադրությունը շեղել տնտեսական խնդիրներից:
- Նախքան ղարաբաղեան պատերազմը, Թուրքիա արկածախնդրական կերպով միջամտեց Սուրիոյ եւ Լիպիոյ մէջ: Կողմ եղաւ քաղաքացիական պատերազմի մէջ, միշտ ստեղծելով անկայունութիւն, թալան ու աւեր: Այդ վարգին մէջ կար երկու կարեւոր գործօն
ա- Աջակցիլ «Իխուան մուսլումին» (Մուսլուման եղբայներ) շարժումին,
բ- օրակարգը շեղել երկրէն ներս տիրող տնտեսական ճգնաժամէն:
Գաղտնիք չէ թրքական լիրայի կրած արժէզրկումը այլ երկիրներու արժոյթներուն դիմաց: Ազգային դրամի արժէզրկումը իր հետ կը բերէ սղաճ եւ աղքատութիւն: Վերջերս փաստացի տուեալներով պարզուեցաւ թէ երկրի առողջապութեան նախարարութիւնը ինչպէս կը քօղարկէ պսակաժահրով (covid-19 խմբ.) վարակուածներու եւ մահացողներու թիւերը: Էրտողան այս թերութիւններուն մէջ իսկ իր համակիրնեը կ'ուզէ վստահեցնել թէ Թուրքիա կը փայլի համաշխարհային գետնի վրայ եւ յաջողութենէ յաջողութիւն կը վազէ: Բնաւ քիչ չեն ինք աղքատանալով հանդերձ՝ այս քարոզչութեան հաւատացողներու թիւը:
- Տարածված կարծիք կա, որ Էրդողանը ցանկություն ունի գնալ ուղիղ դիմակայության Պուտինի հետ, ուժերով համեմատվելու համար, ի՞նչ են կարծում սրա մասին Թուրքիայում։
- Թուրքիա որ աղմկահարոյց կերպով գնած էր ռուսական S-400 հրթիռները, ցարդ չէ կազմած այդ սարքը, խուսափելով ԱՄՆ-ի եւ ՆԱԹՕ-ի հակազդեցութենէն: Պուտին եւ Էրտողան ոչ բարեկամ երկու լառախաղացներ են նոյն պարանին վրայ եւ կը փորձեն իրենց ուժը ցոյց տալ նոյն հանդիսատեսին: Ձախողումը սուղ պիտի արժէ նկողին համար:
- Մի քանի օր առաջ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) խաղաղության կոչ էր տարածել, որից հետո Կարո Փայլանին սկսեցին թիրախավորել տարբեր ազգայնական խմբեր։ Թուրքիան ինչպես միշտ փորձում է լռեցնե՞լ քննադատ ձայները, թե՞ սրա հետևում թաքնված են այլ, առաջին հայացքից չերևացող պատճառներ։
- ՀՏՓ Թուրքիոյ միակ ընդդիմադիր շարժումն է, որ կը հարկադրուի իշխանութեան ծանր հալածանքները դիմագրաւելու: Կուսակցութեան բազմահազար գործիչներ բանտարկուած են: Գրաւուած են շրջանային վարչութիւններու ընտրութեան հետեւանքով իրենց նուաճած քաղաքապետութիւնները: Այս օրերուս հալածանքի սլաքները ուղղուած են հայ պատգամաւոր Կարօ Փայլանին: Իշխանամէտ հասարակական կազմակերպութիւններ կը դիրախաւորեն զինք, պահանջելով պատժուիլը: Կան նաեւ Փայլանին զօրակցելու արշաւներ, որոնք դժբախտաբար կը մնան ստորագրահաւաքի նման ապարդիւն սահմանումի մը մէջ եւ չեն կրնար երաշխաւորել կեանքի անվտանգութիւնը:
- Ռազմական գործողությունների սկսվելու հենց առաջին օրերից Ստամբուլի հայկական թաղամասերում թուրք և ադրբեջանցի ազգայնական խմբեր կազմակերպեցին ավտոերթեր։ Արդյո՞ք Ստամբուլում բնակվող հայերը վտանգված են, որքա՞ն մեծ է էթնիկ բռնության, ջարդերի վտանգը հայերի համար։
- Թրքահայ հասարակութիւնը ոչ միայն այսօր, այլ ընդմիշտ կը զգայ անապահովութիւն իր ապրած երկրին մէջ: Հայատեացութիւնը, աւելին՝ այլատեացութիւնը տարածուն է հասարակութեան մէջ, եւ բոլոր անոնք, որոնք մատնուած են ուրիշ հասարակութեան մը մեծամասնութիւն կազմած շրջանի մէջ փոքրամասնութիւն կազմել, կը բաժնեն այդ անապահովութեան զգացումը անխտիր:
Գլխավոր լուսանկարը ermenihaber.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել