
Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն հեռանկար չի կարող ունենալ
Խորհրդարանական խմբակցություններն այն կարծիքին են, որ հնարավոր բանակցություններին Արցախը պետք է ներգրավված լինի: Հիշեցնենք, որ այսօր` հոկտեբերի 8-ին, Ժնև է մեկնելուԱդրբեջանի արտաքին գործերի նախարարը, իսկ երկուշաբթի` հոկտեմբերի 12-ին, Մոսկվա է մեկնելու Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Վերջիններս հանդիպումներ պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մինսկի խումբը փրձում է առանձին հանդիպումներով հակամարտող կողմերին մեկ սեղանի շուրջ հրավիրել:
Տևական մարտերից հետո բանակցային ամբողջ տրամաբանությունը կարող է փոխվել:
Իր խոսքում խորհրդարանական ճեպազրույցներին նման համոզմունք հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Նախկինում խոսվում էր խաղաղ բանակցությունների միջոցով լուծումներ գտնելու մասին, իսկ Ադրբեջանը և Թուրքիան որոշեցին բիրտ ուժի միջոցով լուծել խնդիրը, սակայն դա իրենց չհաջողվեց: Այժմ այս վիճակից դուրս գալու փնտրտուքը աշխարհի խնդիրն է: Անվտանգության գոտին միջազգային կարևորություն է ձեռք բերել, այդ գոտու շրջակայքում տեղակայվել են տեռորիստական ուժեր, որոնք մարտահրավեր են այլ պետությունների համար»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով`անվտանգության գոտին պետք է դառնա այնպիսի գոտի, որը կապահովի Արցախի անվտանգությունը:
«Էստեղ խոսել շրջաններ վերադարձնելու մասին, դառնում է աբսուրդ: Բնականաբար, փոխզիջումներ պետք է լինեն, բայց չեն կարող հաշվի չառնվել մեր անվտանգության գոտու կարևորությունը` ոչ միայն Արցախի, այլև հարակից պետությունների համար»,- ասաց նա:
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց, որ եթե բանակցություններ լինեն, ապա Արցախի մասնակցությունն օրհասական է:
«Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն հեռանկար չի կարող ունենալ: 1994 թվականի զինադադարի պայմանագիրը խախտված է, և այդ պայմանագիրը նորից պետք է թարմացվի. եռակողմ պայմանագրի տակ Արցախի ներկայացուցչի ստորագրությունը ևս կար»,- եզրափակեց Քոչարյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խորհրդարանական դիվանագիտությանը հաջողվել է միջազգային բոլոր գործընկերներին տեղեկացնել, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է օգտագործում, սնուցում է միջազգային ահաբեկչություն: Մարուքյանը լուրջ ձեռքբերում որակեց Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորների հայանպաստ և արցախանպաստ ելույթները, նաև շեշտեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի դռնփակ հանդիպման մասին, որտեղ որոշվել է հրատապ դեբատ անցկացնել:
Մարուքյանը չբացառեց Եվրոպայի խորհրդի կողմից նաև ռեզոլյուցիայի (որևէ կոլեգիալ մարմնում որևէ հարցի քննարկման արդյունքում ընդունված որոշում) ընդունման հավանականությունը:
«Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրվի»,- ընդգծեց Մարուքյանը:
Մարուքյանը ևս հիշեցրեց, որ 1994 թվականի զինադադարի պայմանագրում առկա է Արցախի ստորագրությունը, որտեղ Արցախն իր սուբյեկտայնությունն աբողջությամբ իրացրել է: Ըստ Մարուքյանի` Արցախը պետք է շարունակի պնդել, որ մասնակից պետք է լինի բանակցություններին, քանի որ առանց իր մասնակցության բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել:
«Որովհետև Արցախը հրադադարի կողմ է: Հայաստանը պատերազմի մեջ չէ, պարզապես Արցախի անվտանգության երաշխավորն է, թույլ չի տալիս, որ Արցախի ժողովրդին ենթարկեն ցեղասպանության»,- եզրափակեց Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ընդգծեց` զինված ուժերի մարտական ոգին բարձր է, ռազմատեխնիկայի որևէ խնդիր չկա:
«Բայց ամենատարբեր սցենարների պարագայում էլ գիտակցում ենք, որ խնդրի լուծումը պետք է լինի սեղանի շուրջ քննարկման արդյունքում, թե ինչպիսի օրակարգով, ինչպիսի բովանդակային քննարկում կլինի, զերծ կմնամ այդ գնահատականներից»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախը տարիներ շարունակ պայքարել ու պայքարում են Արցախի ժողովրդի ազատության ու պետականության համար, և ի վերջո այս իրավունքները պետք է հաստատվեն միջազգային հանրության կողմից:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` Արցախի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ինքնանպատակ չպետք է լինի, դրան պետք է հաջորդի միջազգային հանրության արձագանքը՝ ճանաչման տեսքով:
Էնֆիաջյանը նաև հայտնեց, որ այս պահին ԲՀԿ-ական կամավորների հետ առաջնագծում է նաև պատգամավոր Հրանտ Մադաթյանը:
Մեկնաբանել