
Տնտեսագետ. «Կարճաժամկետ հատվածում և‘ տնտեսությունը, և‘ ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն»
Արցախա֊ադրբեջանական սահմանին ընթացող մարտերը չեն ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, եւ առաջիկայում համակարգի կայունությունը վտանգված չէ, ավանդատուներն էլ մտահոգվելու կարիք չունեն: «Հետքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագետ Հայկ Մնացականյանը:
Պրն Մնացականյան, Հայաստանի ֆինանսական համակարգն ինչպե՞ս է արձագանքում պատերազմական այս իրավիճակին:
Գլոբալ առումով ցանկացած երկրի համար ցանկացած պատերազմ խնդիրներ է ստեղծում: Եվ նշանակություն չունի, թե տնտեսությունը որքանով է դիվերսիֆիկացված՝ չնայած ամեն ինչ իր դերն է խաղում: Սակայն, Հայաստանում առաջնահերթ խնդիրները կարճաժամկետ հատվածում, ըստ էության, չեն զգացվի, բայց հետագայում ՝ երկարաժամկետ հատվածում, տնտեսության վերականգնման և զարգացման համատեքստում կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ:
Հայաստանի ֆինանսական համակարգը բավականին կայուն է և բավականին կապիտալիզացված: Ակտիվներով ֆինանսական համակարգում մեծ տեսակարար կշիռ ունեցող բանկային համակարգը կապիտալով համալրված է: Կարճաժամկետ հատվածում թե' տնտեսությունը, թե' ֆինանսական համակարգը կայունություն կցուցաբերեն:
Երկարաժամկետ հատվածում, բնականաբար, կարող են որոշակի խնդիրներ ի հայտ գալ՝ կապված վարկերի վերադարձի և տնտեսության կառուցվածքից բխող խնդիրների հետ:
Այս կայունությունը հիմք տալի՞ս է ենթադրելու, որ ավանդների վերադարձելիության խնդիրներ չեն լինի:
Հայաստանում ավանդներն ապահովագրված են: Այս անգամ էլ խնդիր չի կարող լինել ավանդների վերադարձի առումով:
Նախորդ ճգնաժամի ժամանակ, որն, իհարկե, պատերազմական իրավիճակներում չէր, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգն իր կայունությամբ հիմնարար դեր է խաղում տնտեսության համար, և մարդիկ գումարները ավանդ դրեցին բանկերում:
Իհարկե, այս իրավիճակը տարբերվում է նախորդ ճգնաժամերից: Ավանդների առումով պատասխանատվությունը բանկերինն է, և Կենտրոնական բանկը վերահսկում է գործընթացը:
Ադրբեջանի և Թուրքիայի ֆինանսական համակարգերն ի՞նչ միտումներ են գրանցում այս օրերին:
Ադրբեջանի տնտեսության ֆինանսական հոսքերը հիմնականում գոյանում են նավթի վաճառքից: Այսինքն՝ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ: Եվ, հաշվի առնելով, որ հիմնական ճյուղը նավթարդյունաբերությունն է և մեծ թվով ներդրողներ են այնտեղ ներգրավված, Ադրբեջանում իրավիճակն արդեն խնդրահարույց է: Բավականին երկար ժամանակահատվածում խնդիրներ են լինելու՝ մի կողմից հաշվի առնելով, որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, մյուս կողմից էլ՝ նավթի միջազագային գների սուր տատանումներն այս պահին: Հետևաբար, այս պատերազմն արդեն լուրջ հետևանքներ է թողնում Ադրբեջանի տնտեսության վրա:
Իսկ թուրքական լիրան, ինչպես տեսնում եք, արժեզրկվում է: Դա Թուրքիայի տնտեսության կարևոր բնութագրիչներից մեկն է: Ըստ էության, դա չի խոսում այն մասին, որ այս երկրի տնտեսությունը կայուն է:
Մեկնաբանել