
Արցախի ԱԳՆ․ «Միջազգային հանրության պարտքն է՝ միջնորդել. Ադրբեջանը որևէ տարածք չպետք է ձեռք բերի»
Արցախի ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախում ընթացող պատերազմին, նշեց, որ վաղը կլրանա պատերազմի 1 շաբաթը, սակայն այս ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները խախտումներ են կատարել միջազգային հումանիտար իրավունքների ոլորտում, թիրախավորել են խաղաղ բնակչությանը, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ։
Ըստ նախարարի՝ միջազգային հանրությունը և միջազգային հանրությունը ներկայացնող կազմակերպությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդես են եկել կոչով՝ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ բանակցություններ։
«Ադրբեջանը և Թուրքիան լկտիաբար անտեսում են միջազգային հանրության կոչերը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կոչերը՝ կանգնեցնել պատերազմը, ուստի մենք համարել ենք ճիշտ, կոչ անել միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը», - նշեց նախարարը։
Մայիլյանի խոսքով՝ այս քայլը կարող է դառնալ լծակ՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար։
Անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ Մայիլյանը նշեց, որ Ադրբեջանի մասին առանձին խոսել անիմաստ է, քանի որ «տիկնիկի» դեր է կատարում․ դիվանագիտական հիմնական աշխատանքը կատարում է Թուրքիան։ Ըստ նրա՝ առաջնագծում կատարած հաջողությունները բերելու են հաջողությունների նաև դիվանագիտական տեսանկյունից։
Իսկ Ուկրաինայի այն հայտարարության մասին, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Մայիլյանը նշեց, որ դա նորություն չէ, քանի որ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը միասնական նույն դիրքորոշումն են ունեցել։
Արցախի ԱԳՆ նախարարի խոսքով՝ պետք է վերականգվի 1994թ․-ի այն առաջնագիծը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, և դրա խախտման պատճառով է, որ 2016թ․-ին Ադրբեջանը ունեցել է որոշակի հաջողություն․ «Սա նրանց հնարավորություն տվեց, որ 4 տարի հետո նորից պատերազմ սկսեն, փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի սկիզբ են դառնում։ Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի ընթացքում։ Եւ միջազգային հանրության պարտքն էլ է, որ միջնորդեն։ Պետք է ձգտենք վերականգնել այդ առաջնագիծը»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել