
Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դերակատարություն ունենալ իրավիճակի դեէսկալացիայի գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
«Այո՛, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դերակատարում ունենա, որպեսզի նպաստի իրավիճակը դեէսկալացիային։ Մենք ցանկանում ենք, որպեսզի դադարեցվի արտաքին միջամտությունը, այն բարդացնում է իրավիճակը»,- նշել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Վերջիններս մեջբերել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի միջոցով Ղարաբաղ են տեղափոխվել սիրիացի ավելի քան 300 գրոհային-ծայրահեղականներ։
Ինչպես նշվում է գագաթնաժողովի հայտարարության մեջ. «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները և վերահաստատել իրենց հանձնառությունը հրադադարի հաստատմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
«Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայությունն անընդունելի է։ Չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, ոչ էլ արտաքին որևէ միջամտություն։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է առանց նախապայմանների սկսեն առարկայական բանակցություններ։ Եվրոպական խորհուրդն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարին ուսումնասիրել ԵՄ-ի հետագա աջակցությունը կարգավորման գործընթացին»,- նշվում է փաստաթղթի մեջ։
Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդի պաշտոնական կայք էջի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել