
«Նվիրատուների մասնակցությունն աննախադեպ է»․ համազգային դրամահավաք՝ ի աջակցություն Արցախի
«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը սեպտեմբերի 27-ից համազգային դրամահավաք-արշավ է սկսել՝ ի աջակցություն Արցախի։
Վերջին տվյալներով՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի շրջանակում հավաքագրվել է ավելի քան 4 մլն 512 հազար 590 դոլար:
Այս պահի դրությամբ հիմնադրամին նվիրատվություն կատարվել է աշխարհի 30 երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից, Կանադայից, Ֆրանսիայից, անգամ՝ Մալազիայից։ Հիմնական նվիրատվությունները եղել են այն երկրներից, որտեղ կան ազդեցիկ հայկական համայնքներ։ «Սա համազգային մոբիլիզացիա է։ Մարդիկ գիտակցում են այս պատերազմի լրջությունը, գիտակցում են, որ պետք է մասը լինեն այս պատերազմի։ Ես կարծում եմ՝ այս պահին հավաքված գումարը դեռևս շատ փոքր գումար է։ Նվիրատուների մասնակցությունն աննախադեպ է»,-«Հետքին» ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Հիմնադրամին դրամական նվիրատվություն կատարվում է 10-20 վայրկյան հաճախությամբ։
«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի միջոցով դրամահավաք կազմակերպելու որոշումը կայացվել է Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ որոշմամբ։
Այս օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի Լոս Անջելեսի գրասենյակը հավաքագրել է բժշկական սարքավորումներ, դեղորայք և պարենային ապրանքներ։ «Իրենք մոտ օրերին մեծաքանակ բժշկական օգնություն կուղարկեն Հայաստան՝ հիմնադրամի միջոցով»,-ասաց Հայկակ Արշամյանը։
Հիմնադրամը այլ նվիրատուներից ևս ստացել է ոչ դրամական աջակցության առաջարկություններ՝ բժշկական սարքեր, դեղորայք, պարենային ապրանքներ։ Սակայն այդ աջակցությունն ընդունելու համար նվիրատուներին ուղղորդում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։
Համազգային դրամահավաք-արշավի ավարտից հետո թե ինչ կարիքների համար կծախսվի հիմնադրամի հավաքագրած գումարը, կորոշեն Հայաստանի և Արցախի կառավարությունները։
Այսօրվանից նվիրատվություն հնարավոր է կատարել նաև TelCell, EasyPay և iDram համակարգերի միջոցով, ինչպես նաև 1000 դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին։
Մեկնաբանել