
ԵԽԽՎ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության։ Այդ մասին նշվում է սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ Հայաստանի գծով համազեկուցողներ, շվեդ Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմմո Կիլյունենի, ինչպես նաև Ադրբեջանի գծով ավստրիացի համազեկուցող Շտեֆան Շեննահի և բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների և դրանց սրման կապակցությամբ, որոնք հարվածի տակ են դնում տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորապես ցավում ենք զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի համար, ինչի մասին հայտարարել են կողմերը։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զինված գործողությունները և Մինսկի խմբի ձևաչափով վերադառնալ բանակցությունների սեղանին»։
Բացի այդ, համազեկուցողները Եվրոպայի Խորհրդի անդամ մյուս պետություններին կոչ են արել «ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է նպաստել լարվածության զարգացմանն այդ շրջանում»։
Լուսանկարը՝ Vincent Kessler / Reuters
Մեկնաբանել