
«Այս պահին բոլորս զինվոր ենք». ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց աջակցությունն են հայտնում ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանն» իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին, ՄԱԿ-ին:
«Ներկայացրել եմ իրավիճակը, որ լուսադեմին Ադրբեջանը խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածությունները, Արցախի շփման ամբողջ գծով մեկ լայնածավալ հարձակում է սկսել: Կոչ եմ արել միջազգային հանրությանը անհապաղ արձագանքել Ադրբեջանի քայլերին: Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, ռազմական հանցագործություն է: Ադրբեջանի ցինիզմը հասել է նրան, որ արդեն նշանակետի տակ են Ստեփանակերտում և նաև Արցախի տարբեր բնակավայրերի դպրոցներն ու քաղաքացիական անձինք»,-ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ հատուկ նիստից հետո կմիանան զորակոչին և կմեկնեն առաջնագիծ: Խմբակցությունն առաջիկայում զինված ուժերրի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին կհայտնի իրենց մռադրության մասին:
«Այս պահին բոլորս զինվոր ենք և պատրաստ ենք լինել այնտեղ, որտեղ կորոշի ռազմաքաղաքական ղեկաավարությունը»,-նշեց նա:
Միջազգային գործընկերներին իրավիճակը ներկայացրել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թե' գրավոր նամակներ է հղել, թե' հեռախոսազրույցներ ունեցել:
Մարուքյանի խոսքով` չնայած տարբեր կառույցներից արդեն իսկ կան արձագսնքներ, սակայն պետք չէ այդ արձագանքների վրա հենվել, քանի որ պատերազմում հաջողություններ գրանցվում են մարտի դաշտում:
Մարուքյանը ևս հայտնեց, որ այս պահին կուսակցության տարբեր գրասենյակներում զորահավաքային աշխատանքներ են ընթանում, սակայն դեռ պետք է սպասեն ռազմական դրությունը հայտարարելու որոշման տեքստին, ըստ որի պարզ կլինի, թե որ տարիքի, որ մասնագիտությունների տեր անձինք են զորահավաքի ենթակա:
Մարուքյանը վերահաստատեց, որ այս պահին քաղաքական տարաձայնություններ չեն կարող լինել և ռազմաքաղաքական ղեկավարության թիկունքում են:
Մեկնաբանել