
Արծրուն Հովհաննիսյան. «Մարտական գործողություններն այս պահին բավականին թեժ են»
Արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողություններն այս պահին ընթանում են. մարտերը բավականին թեժ են:
Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ընթացող մարտերից տեսանյութեր են հրապարակվել:
«Հակառակորդը զգալի տեղերում հետ է շպրտվել` զգալի կորուստներ կրելով, նաև հասցրել է հրթիռային, ավիացիոն, հրետանային հարվածներ Պաշտպանության բանակի զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտներին: Կան որոշակի ավերածություններ, կորուստ, բայց դրանք հիմնականում չնչին են»,-ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այս պահին թե' մարդկային, թե' նյութական կորուստները դեռ ամփոփված չեն, քանի որ թեժ մարտեր են, և ինչ-որ տվյալներ ներկայացնելու դեպքում սխալվելու հավանականություն կա:
Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջական երկայնքով կա որոշակի լարվածություն, առավոտյան ադրբեջանական զինված ուժերը ոչ այդքան ինտենսիվ հարվածներ են հղել Վարդենիսի ուղղությամբ:
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ ամբողջ դիվանագիտական ծառայությունն արտակարգ ռեժիմով է աշխատում, դեսպանների կողմից համապարփակ տեղեկատվություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպություններին: Բոլորը տեղեկացել են տեղի ունեցող գործընթացների և հայկական կողմի գնահատականների մասին: Վաղ առավոտից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական հաղորդակցության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հետ, ինչպես նաև ՌԴ-ի և Վրաստանի իր գործընկերների հետ:
«Այն արձագանքը, որ ստանում ենք` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Մեր առանջահերթ խնդիրն է` դեէսկալացիան` լարվածության թուլացումը»,-ասաց նա:
Հարցին` հնարավոր է արդյոք, որ այս իրավիճակում Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը, Աննա Նաղդալյանն արձագանքեց, որ քանի դեռ չի ավարտվել անվտանգության խորհրդի նիստը, իրավունք չունի օրակարգի վերաբերյալ որևէ հարց բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: Այս պահին ընթանում է Անվտանգության խորհրդի նիստը:
Մեկնաբանել