
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը. նա եկել է դատարան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է իրեն կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությանը: Քիչ առաջ նա ժամանեց դատարան, որտեղ մեկնարկել է գործի քննությունը:
Դատարանի դիմաց հավաքվել են Ծառուկյանի աջակիցները, ԲՀԿ պատգամավորներ: Այստեղ են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին պարբերաբար հորդորում է պահպանել 1.5 մետր ֆիզիկական հեռավորություն՝ թեև ակնհայտ է, որ դատարանի դիմաց հնարավոր չէ պահպանել այդ հեռավորությունը:
Նշենք, որ Ծառուկյանը մեղադրվում է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Որոշման դեմ Վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել և՛ Դատախազությունը, և՛ Ծառուկյանի պաշտպանները, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքները, այսինքն՝ գործը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Նման պայմաններում առաջին ատյանի դատարանը կրկին պետք է քննի Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
Գործով մեկ դատական նիստ նշանակվել էր սեպտեմբերի 23-ին սակայն այն հետաձգվել է պաշտպանների և Ծառուկյանի բացակայության պատճառով: Պաշտպանները հայտնում են, որ պատշաճ ծանուցված չեն եղել նիստի մասին, իսկ ԲԴԽ-ից վստահեցնում են, որ դատարանը հնարավոր ցանկացած միջոցով փորձել է ծանուցել նիստի վերաբերյալ:
Մեկնաբանել