
Աղվան Հովսեփյանի որդու հէկը չի ապահովել գետի էկոլոգիական թողքը և տուգանվել է 200 հազար դրամով
Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող հէկը տուգանվել է 200 հազար դրամով։ Սա արդեն Հովսեփյանների երկրորդ հէկն է, որի նկատմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 200 հազար դրամ տուգանք է կիրառում։
Այս անգամ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրություն են իրականացրել «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող «Աստղաբերդ» փոքր հէկի տարածքում։ Պարզվել է, որ ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքը փաստացի ապահովված չէ, որի արդյունքում խախտվել է Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածը, ինչպես նաև՝ ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Նշանակվել է վարչական տուգանք 200.000 դրամի չափով։
«Աստղաբերդ» փոքր հէկը, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, շահագործման լիցենզիա է ստացել այս տարվա ապրիլին։ Այն գտնվում է Սյունիքի մարզի Գեղի գետի վրա։ Դրվածքային հզորությունը 7795 կՎտ է։
«Տելիա մայնինգ» ՍՊԸ-ում Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակ Հովսեփյանը, բաժնետեր և տնօրեն է եղել։ Ընդ որում՝ տնօրենի պաշտոնը երկու անգամ է զբաղեցրել, վերջին անգամ այն թողել է այս տարվա հունիսին։ Ընկերության բաժնեմասը 2018թ․ հունիսի 19-ին փոխանցվել է Հովսեփյանին պատկանող չեխական «Օմիրա» ՍՊԸ-ին, 0,1 տոկոսն էլ՝ Միսակ Հովսեփյանի կնոջը՝ Նորա Բարսեղյանին։ Չեխական «Օմիրա» ՍՊԸ-ում Միսակ Հովսեփյանի մասնակցությանը «Հետքն» արդեն անդրադարձել է։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Տեսչական մարմինը տուգանել էր Հովսեփյաններին պատկանող մեկ այլ՝ «Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող փոքր հէկը։ Տուգանքը կիրառվել էր կրկին նույն չափով՝ 200 հազար դրամ։
Մեկնաբանել