
Լարիսա Ալավերդյան. «Դատարաններում կաշառակերությունը դատավորների համար թույլատրված է և պաշտպանվում է օրենքով»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում
Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ իշխանությունները 20 տարուց ավելի է, խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, այնինչ կոռուպցիան վարչականից վերաճել է քաղաքականի: Սա է պատճառը, որ «ժառանգություն» խմբակցությունը գրեթե հինգ տարի հնչեցնում է ոչ թե իշխանափոխություն, այլ համակարգային փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը, որի ամենակարևոր օղակը դատաիրավական համակարգն է:
Այնինչ ՀՀ դատարաններում կաշառակերությունը դատավորների համար թույլատրված է և պաշտպանվում է օրենքով, չնայած տարիներ շարունակ հնարավոր բոլոր ամբիոններից անընդհատ լսում ենք, թե իշխանությունը իրականացնում է դատաիրավական բարեփոխումներ՝ ընդդեմ կաշառակերության և կոռուպցիայի:
Հայտնի է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածը դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է կամ տուգանքով, կամ ազատազրկմամբ (կախված կատարված արարքի ծանրությունից) մինչև յոթ տարի ժամկետով:
Այնինչ, ՀՀ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, վերը նշված արարքների համար դատավորի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկված չէ: ՀՀ Դատական օրենսգիրքը ազատում է դատավորներին նույն արարքի համար նախատեսված որևէ պատժից, եթե բոլոր երեք ատյանի դատարաններն էլ կայացրել են ակնհայտ անարդար դատական ակտեր:
Սա արդարադատության հասցեին ուղղակի ծաղր է: Այսինքն օրենքը թույլ է տալիս բոլոր երեք ատյանի դատարանների դատավորներին նույն գործով կաշառք վերցնել, կայացնել ակնհայտ անարդար վճիռ քաղաքացիական գործերով, դատավճիռ քրեական գործերով կամ այլ դատական ակտ' պատասխանատվության չենթարկվելով և անպատիժ ձևով խախտելով երկրի յուրաքանչյուր քաղաքացու արդար դատավարության իրավունքը:
Փաստորեն, Դատական օրենսգրքի վերը նշված նորմը իշխանություններին թույլ է տալիս դատավորներին մղել կազմակերպված հանցավոր խմբի անդամներ դառնալուն, կաշառք ստանալուն, անպատիժ ձևով շահադիտական նպատակներով ակնհայտ անարդար դատավճիռներ կայացնելուն ու ոչ մի պատասխանատվություն չկրելուն:
Հենց այսպես է, որ Հայաստանում իշխանությունները ոչ թե պայքարում են, այլ զարգացնում են կոռուպցիան: Համակարգային փոփոխությունն է, որ իրավական պետություն կայանցնելու ճանապարհին կբերի անմիջական արդյունքների:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել