
ԱԺ-ն Էդգար Շաթիրյանին, Երվանդ Խունդկարյանին և Արթուր Վաղարշյանին ընտրեց ՍԴ դատավորներ
Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը և Երվանդ Խունդկարյանն ընտրվեցին Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներ:
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88-ը, ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը:
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանինը` Հանրապետության նախագահը, Էդգար Շաթիրյանինը` Կառավարությունը:
Երվանդ Խունդկարյանն ընտրվել է 82 կողմ, 2 դեմ ձայներով: Արթուր Վաղարշյանը` 86, դեմ` 1 ձայներով, Էդգար Շաթիրյանը` 85 կողմ, 3 դեմ ձայներով: ՍԴ դատավորները լիազորությունները ստանձնում են ընտրվելու պահից: Արարատ Միրզոյանի խոսքով` թեկնածուներից երկուսը պաշտոնի հետ անհամատեղելիության խնդիր ունեն, ուստի երդման արարողությունը կլինի վերջիններիս լիազորությունները դադարելուց հետո:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր:
Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:
Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության:
Մեկնաբանել