
Օտար բառի հանդիպելիս խուճապի մի մատնվեք. Աննա Պետրոսյան-Կոնուեյ
Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող TeachingEnglish - Բլոգաթոն 2012թ. մրցույթի հաղթող Աննա Պետրոսյան-Կոնուեյը իր ուսանողներին երբեք չի հանձնարարել օգտագործել բառատետր. երբ դասավանդման գործընթաց են մտնում նորագույն տեխնոլոգիաները, օտար բառերը հիշողություն ուղարկելու ավելի նորաձև եղանակներ կան:
Բլոգաթոնի մրցույթին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Բրիտանական խորհրդի TeachingEnglish (www.teachingenglish.org.uk) կայքի բլոգում անգլերենի հայ մասնագետները մրցել են վեց երկրի ներկայացուցիչների հետ՝ մարաթոնյան վազքի արագությամբ տեղադրելով օտար լեզվի դասավանդմանն առնչվող իրենց առաջարկները:
Աննա Կոնուեյը արժանացել է գլխավոր մրցանակին Թուրքիայի և Խորվաթիայի ներկայացուցիչների հետ միասին՝ հնարավորություն ստանալով մարտին մասնակցելու անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիայի՝ Գլասգոյում անցկացվելիք ամենամյա գիտաժողովին:
«Իմ հայտի բովանդակությունը networking-ն էր,- մանրամասնում է Աննան:- Այդ բառը հայերեն համարժեք չունի, չեմ կարող թարգմանել: Այսինքն՝ աշխատանք համացանցի միջոցով, երբ ուսանողները օգտագործում են օն-լայն տեխնոլոգիաները տնային հանձնարարություններում»:
Աննան առավելագույնս փորձել է դասավանդման գործընթացում ներառել Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Ամեն երեկո Ֆեյսբուքի համապատասխան էջում տեղադրում է մեկ հոդված. ուսանողները սկսում են կարդալ նյութը և քննարկել:
Օտար լեզու սովորելու ճանապարհին բարդույթավորվելու հավանականությունը մեծ է: Այդ պատճառով, Աննայի կարծիքով, դասապրոցեսից պետք է դուրս հանել ուսուցչին, ինչի հնարավորությունը օնլայն տեխնոլոգիաները տալիս են: Օրինակ՝ երբ նա իր ուսանողներին հանձնարարում է գրել շարադրություն անգլերենով, չի վերցնում նրանց գրավոր աշխատանքները և միանգամից ուղղում սխալները: Այլ այդ շարադրությունները հայտնվում են դարձյալ Ֆեյսբուքում, ուսանողներն իրենք են մեկը մյուսի սխալներն ուղղում:
«Իսկ երբ ամեն ինչ պատրաստ է, հայտնվում է ուսուցիչը և իր մեկնաբանություններն է անում: Այս դեպքում ուսանողը մի քիչ ավելի հանգիստ է զգում իրեն»,- ավելացնում է նա:
Եթե որևէ մեկը մտածում է, թե օտար լեզու սովորելը իր խելքի բանը չէ, Աննան ոգևորող առաջարկ ունի: Փորձենք հիշել, թե երբ սկսեցինք խոսել, և ինչպես մեր բերանում, օրինակ, «խնձոլ»-ը դարձավ «խնձոր»: Չենք հիշում, որովհետև լեզու սովորելը տանջանք չէ: Իսկ առաջին՝ մայրենի լեզուն սովորել ենք՝ անընդհատ լսելով մեծերի խոակցությունը:
«Մի անգամ մեր մասնագետների հետ քննարկում էինք, թե ինչ դեր ունի շփումը օտար լեզու սովորելու հարցում,- պատմում է Աննան:- Եկանք այն եզրակացության, որ եթե ուսանողը հնարավորություն չունի դասից դուրս օտար լեզվով որևէ մեկի հետ շփվելու, գոնե պետք է անընդհատ այդ լեզվով խոսակցություն լսի. դա արտասանությունն է ուղղում և ինքագիտակցաբար հիշել է տալիս օտար բառերը: Լեհ գործընկերներիցս մեկը մի օր ասաց, որ ինքը այդպես սովորել է իտալերեն՝ միայն հեռուստացույց նայելով, ֆիլմեր դիտելով»:
Մոտ ութ տարի Աննան ապրել է արտասահմանում և անգլերեն է դասավանդել նաև Ռուսաստանում ու Ղազախստանում: «Դրսում դասավանդելիս եմ հատկապես զգացել, որ անկախ այն հանգամաքից, ուսանողդ որևէ կազմակերպության 45 տարեկան տնօրեն է, թե 20 տարեկան երիտասարդ, սիրում է խաղերի միջոցով սովորել,- ասում է Աննան:- Ուսուցչի ամենակարևոր գործառույթն այն է, որ ստեղծի մի միջավայր, որտեղ ուսանողը կարող է իրեն հանգիստ զգալ, սովորելիս հանգստալ, ոչ թե հոգնել»:
Նրա կարծիքով՝ սխալ և հոգնեցնող է դասավանդման հատկապես այն եղանակը, երբ հանձնարարվում է հատ-հատ թարգմանել տեքստի բոլոր բառերը. «Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ապա անգլերենում կան բառեր, որ հայերեն համարժեք առհասարակ չունեն, օրինակ՝ «բլոգ» բառը, դրանց հետ ի՞նչ անենք: Կախվածությունը թարգմանությունից շատ է խանգարում, ցանկացած օտար լեզու սովորելիս կարևոր է, որ բառը հասկանաս այդ լեզվով: Լեզվի տիրապետումը գալիս է այն ժամանակ, երբ տեքստում օտար բառի հանդիպելիս խուճապի չենք մատնվում, այլ փորձում ենք կռահել իմաստը կոնտեքստից»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել