
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործելու հետևանքով անհետացել կամ լցակույտերի տակ են թողնվել անցյալի բազում հուշարձաններ
Գեղամասարի համայնքապետարանը միանգամայն իրատեսական է համարում զբոսաշրջության զարգացումը Վարդենիսի տարածաշրջանում: Նրանց լավատեսության հիմքը վերջին տասը տարիներին համայնքի բնակավայրերում, մասնավորապես՝ Սոթքում և Նորաբակում կատարվող հնագիտական պեղումների արդյունքներն են: Հնագիտական արշավախումբն էլ մեծ հույսեր է ունեցել, որ մեկ տասնամյակ տարածքից պեղված հնագիտական իրերը հնարավոր կլինի պահել և ցուցադրել Սոթքում, եթե տեղական իշխանությունը իրականություն դարձնի երկրագիտական թանգարան կառուցելու գաղափարը:
«Երկար ժամանակ տեղական իշխանության հետ քննարկում էինք թանգարան ստեղծելու գաղափարը, հայտնաբերված արտեֆակտերը չէինք հանձնում, սպասում էինք, որ մի բան կանեն, բայց հասկացանք, որ նրանց համար դեռևս սոցիալական խնդիրներն են առաջնահերթ»,- հայտնեց Սոթքի հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Արսեն Բոբոխյանը: Նրա կարծիքով՝ տարածքից պեղված իրերը ճիշտ կլինի տեղում պահել ու ցուցադրել: Սակայն անցյալ տարի, այլևս հույսեր չփայփայելով, բոլոր իրերը հանձնել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և հիմա ցուցադրվում են այնտեղ:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները Սոթքում հնագիտական պեղումներ սկսել են իրականացնել 2010թ.-ին, Գերմանիայի Հալեի ու Թյուբինգենի համալսարանների հետ համագործակցությամբ: Պրն Բոբոխյանն ասում է, որ Սոթքի հանքարդյունաբերական շրջանին արշավախումբը մեծ նշանակություն էր տալիս մի քանի պատճառով: Առաջինը՝ սա ամենամեծ ոսկու հանքն է Մերձավոր Արևելքում: Երկրորդ՝ այն, ամենայն հավանականությամբ, շահագործվել է հնագույն ժամանակներում: Երրորդ՝ այն ունի շատ կարևոր աշխարհագրական դիրք. Սոթքի լեռնանցքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի և Հայկական լեռնաշխարհը կապել է Կովկասի հետ:
Հայ-գերմանական արշավախումբը Սոթքում աշխատել է երեք տարի՝ մինչև 2013թ.-ը: Արսեն Բոբոխյանն ասում է, որ Սոթքի պեղումներից սենսացիոն բացահայտումներ չունեն, բայց այն շատ հետաքրքիր տարածք է պատմական տեսանկյունից: Հնագետը միանգամայն իրատեսական է համարում այս տարածաշրջանում պատմական տուրիզմ զարգացնելը: Սոթքում պեղել են բրոնզե և երկաթե դարի ամրոցներ՝ 4000-5000 տարվա հնություն ունեցող, որոնք վկայում են, որ այդտեղ մարդիկ ապրել են մեզնից 5000 տարի առաջ, ենթակառուցվածքներ են ունեցել, իսկ 4000 տարի առաջ արդեն ոսկի են մշակել: Հետո ուրարտացիներն են գրավել այդ տարածքը՝ ոսկու համար:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանից հետաքրքրվեցինք՝ պեղումների արդյունքում հայտնաբերվե՞լ են այնպիսի իրեր, որոնք կվկայեն այդ ժամանակաշրջանում ոսկի մշակելու և դրա համար կիրառված գործիքների կամ մեթոդների մասին: Հնագետն ասում է, որ նման բաներ հանքի շրջակայքում հնարավոր չէ գտնել, կիլոմետրերով ձգվող, բաց շահագործվող ոսկու հանքավայրը հնագիտական շատ արժեքներ է վերացրել:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներից կազմված արշավախումբն իր հաշվետվություններում գրել է, որ հնագույն շատ հուշարձաններ անվերադարձ անհետացել են վերջին 200 տարվա ընթացքում՝ հանքավայրերում երկրաբանահետախուզական և շահագործման աշխատանքների հսկայական ծավալի պատճառով: Այդ աշխատանքների հետևանքով երկրի երեսից անհետացել կամ լցակույտերի տակ են թողնվել անցյալի բազում հուշարձաններ:
Անցյալ դարասկզբին այս տարածքում պեղումներ կատարած հնագետները հավանական են համարել, որ Սոթքի ոսկու հանքերն օգտագործվել են սկսած վաղ բրոնզե դարից՝ Ք.ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից, ընդհատումներով օգտագործվել մինչև Ք.հ. 14-րդ դար, ապա կրկին հայտնաբերվել 20-րդ դարում: Սոթքի հանքը հայտնի է ավելի վաղ հանքագործության հետքերով՝ խոտով ծածկված բազմաթիվ հանքահորեր և ձագարներ, ստորգետնյա աշխատանքի հետքեր, աշխատանքային գործիքների փայտե մասեր, քարե հավանգներ՝ հանքաքարը մշակելու համար, քար լվանալու անոթներ, մեծ ու փոքր խարամների կույտեր և փոսեր:
Սոթքի հանքավայրի շրջակայքում ի հայտ են եկել վաղբրոնզեդարյան նյութեր, բնակատեղիների, դամբարանադաշտերի հետքեր, հնագիտական գտածոներ: Հայտնաբերվել են դաշույններ, բնական քարերից հուլունքներ, ոսկյա զարդեր ձուլելու կաղապարներ, կավե սափորներ, տարատեսակ զարդեր, ծիսական ու կիրառական առարկաներ, կավե անիվ, գունավոր խեցեղենի բեկորներ և այլն, որոնք ներկայումս ցուցադրվում են «Էրեբունի» թանգարանում: Ժամանակավոր ցուցասրահում թվարկվածներից բացի, ցուցադրվում է Հայաստանի հնավայրերից երբևէ գտված ամենահին դաշույնի շեղբը, որը 5000 տարվա պատմություն ունի:
Հանքավայրի շրջակայքում պահպանվել են միջնադարյան քարավանատան մի հատված, եկեղեցիներ և այլն: Արշավախմբի անդամներից հնագետ Հայկ Դավեյանը բացատրում է, որ մեծ և լավ մշակված քարերով կառուցված լինելու շինարարական տեխնիկան վկայում է, որ քարավանատունը կառուցվել է 7-րդ դարում: Միջնադարյան Սոթք բնակավայրի տեղում այժմ էլ երևում են բազիլիկ եկեղեցու մնացորդները, գերեզմանատունը` խաչքարերի և այլ հայկական արձանագրությամբ կոթողների հետ միասին:
Հայ-գերմանական արշավախումբը 2011թ.-ին կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում Սոթք գյուղից դեպի ոսկու հանքը տանող ճանապարհի աջ կողմում դամբարանադաշտ է հայտնաբերել: 2013թ. այստեղ պեղումներ են սկսել և պարզել են, որ դամբարանադաշտը բաղկացած է մոտ 15 միմյանցից հեռու գտնվող դամբարաններից: Հայտնաբերման պահին դամբարանաբլուրը կիսով չափ ոչնչացված էր: Ենթադրվում է, որ ոսկու որոնումների կամ հարակից երկաթուղու կառուցման ժամանակ կատարված պայթեցման կամ էքսկավատորով փորման արդյունքում է եղել:
Արշավախմբի անդամներից միջնադարագետ Ավետիս Գրիգորյանն ասում է, որ առայժմ Սոթքում պեղումները զուտ գիտական հենքի վրա են արվում: Տարածաշրջանը շատ աղքատ է, և վաղ է այնտեղ թանգարան հիմնելու մասին խոսելը, դա ապագայի հարց է: Հնագետը հայտնեց, որ պեղումները հնարավորություն են տալիս պարզելու, թե մարդիկ բրոնզե դարում ինչպես էին ապրում, ինչ գործիքներ, առարկաներ էին կիրառում, թաղման ծեսն են ուսումնասիրել: Պեղումներից հայտնաբերված գտածոները, հիմնականում, ներկայացված են խեցեղեն բեկորներով, քիչ քանակությամբ վանակատե ցլեպներով, քարե գործիքներով, հելլենիստական շրջանի ապակու բեկորներով, կենդանական և մարդկային ոսկորներով:
Հնագետներն ասում են, որ Սոթքի տարածաշրջանը շատ հարուստ է հնագիտական հուշարձաններով, բայց դեռևս լավ ուսումնասիրված չէ: Արշավախումբը հետախուզական աշխատանքներ է իրականացրել 43 հուշարձաններում, որոնցից 23-ը նորահայտ են: Խոսքը բնակատեղիների, ամրոց-բնակատեղիների, դամբարանադաշտերի, խեցեղենի կուտակումների մասին է, որոնցից հավաքված մոտ 1000 բեկորների դիագնոստիկան ցույց է տալիս, որ գործ ունեն վաղ բրոնզի, միջին բրոնզի, ուշ բրոնզ-վաղ երկաթի, անտիկ և միջնադարյան շրջանների հետ: Պեղումներն իրականացրել են հինգ հուշարձաններում՝ «Սոթք 1» ամրոց-դիտակետում, «Սոթք 2» ամրացված բնակավայրում, «Սոթք 10» դամբարանադաշտում, «Նորաբակ 1» ամրոց-բնակավայրում և դամբարանադաշտում: Ամրոցն իր բնույթով պատկանում է դիտակետ-ամրոցների թվին, ինչը հաստատագրվում է պեղումներից ստացված արդյունքներով:
Այս տարածաշրջանում պեղումներ է իրականացրել նաև հայ-իտալական արշավախումբը: Սոթքի հարևանությամբ գտնվող Նորաբակ գյուղում պահպանվել են հայկական հին գերեզմանոց (12-17-րդ դդ.) և գյուղատեղի: Հետախուզական աշխատանքների տվյալներով` Սևանի հարավային և հարավարևելյան ափերին միջինբրոնզեդարյան խեցեղեն հայտնաբերվել է տասը հնավայրերից, այդ թվում՝ Սոթքից և Նորաբակի հնավայրերից:
Հնագետների հեռանալուց հետո Նորաբակում «պեղումները» շարունակում են տեղի բնակիչները՝ հողի տակից հանելով արտասովոր մեծության խաչքարերն ու արձանագրությունները: Հնագետները խաչքարերի չափերը Վարդենիսի տարածքին բնորոշ խաչքարագործության ոճն են համարում: Բազալտի վրա քանդակված, պարզ խաչքարերը թվագրվում են 9-11 դարերի, մինչև 16-րդ դարի խաչքարեր կան այդտեղ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել