
«Փարոս». երգը որպես խնդիրների հաղթահարման միջոց
Երբ համերգի վերջում խմբավար Վաչագան Նավասարդյանը դեմքով շրջվեց դեպի դահլիճը՝ խոնարհվելու, նրա աչքերն, անկասկած, փայլում էին հպարտությունից: Եվ նա հպարտանալու բոլոր հիմքերն ուներ. իր սիրողական կամերային երգչախումբն առանց պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ունեցող եզակի մասնակցի ելույթ է ունենում հայտնի միջազգային փառատոնին անգլիական Վինչեսթր քաղաքում պրոֆեսիոնալ համույթների շարքում: Եվ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում է ոչ թե նրա համար, որ երգչախմբի բոլոր երգիչները գամված են հաշմանդամի անվասայլակին, նման բաների վրա Անգլիայում աչքերը չեն հառում, այլ նրանց փայլուն կատարման համար: Եթե նաեւ հաշվի առնենք, որ նստած երգիչները երգում են կանգնածների հետ հավասար մակարդակի վրա, իսկ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ երաժիշտ գիտի՝ ինչքան դժվար է ղեկավարել շնչառությունը եւ արտահայտել զգացմունքները նստած երգելիս, ապա դա, իհարկե, լիակատար հաղթանակ է:
Սա միայն սկիզբն էր: Հետո սկսվեցին համերգային շրջագայությունները աշխարհի տարբեր երկրներ, Նեապոլի մրցույթ-փառատոնում լավագույն հնգյակում ընդգրկվելը, համերգ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, համերգ Փարիզում, ճանաչում Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս:
«Փարոսը» միակ կամերային երգչախումբն է աշխարհում, որի գրեթե բոլոր արտիստները ողնաշարային խնդիրներ ունեն: Խնդիրները հիմնականում արդյունք են դժբախտ պատահարների եւ սպորտային վնասվածքների:
«Փարոսը» 1993 թվականին հիմնադրել է Արմեն Ալավերդյանը, ով միակ պրոֆեսիոնալ երաժիշտն է երգչախմբում: Սպիտակի երկրաշարժից հետո Երեւանում բացվեց Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն հաշմանդամների համար (այժմ կենտրոնը Կարմիր Խաչի հիվանդանոցում է), որտեղ բացի բուժումից հաշմանդամներին օգնում էին վերադառնալ ինքնուրույն կյանքին:
Երբ Արմեն Ալավերդյանը խմբավար Վաչագան Նավասարդյանին առաջարկեց ստեղծել ֆիզիկական դժվարություններ ունեցող մարդկանց երգչախումբ, նա չէր էլ ենթադրում, որ երգչախումբը կարող է այսքան երկար կյանք ունենալ եւ հասնել այսպիսի հաջողությունների, թողարկել երկու ձայնասկավառակ (ներկայումս աշխատում են երրորդի վրա):
Վաչագանն իր ապագա կատարողներին գտնում էր հիմնականում Վերականգնողական կենտրոնում: Սկզբում ստեղծվեց փոքրիկ երգչախումբ, որտեղ ոչ ոք ոչ միայն երաժշտական կրթություն չուներ, այլեւ շատերը նույնիսկ չէին գիտակցում, որ երգել գիտեն: Երգչախմբի երգացանկը կազմված էր բացառապես հայկական ժողովրդական երգերից: Փորձերն անում էին ամիսը մեկ-երկու անգամ Կենտրոնի միջանցքներում: Աստիճանաբար համառ աշխատանքի արդյունքում Վաչագանն ընդլայնեց ոչ միայն երգչախմբի կազմը, այլեւ երգացանկը: Հիմա արդեն տասներեք տարի գործող երգչախումբը հայկական ժողովրդական երգերից զատ կատարում է այնպիսի հայ եւ արտասահմանյան դասականների գործեր, ինչպիսիք են Կոմիտասը, Եկմալյանը, Գլինկան, Վիվալդին, Գունոն: Ժամանակի ընթացքում խմբավարը նույնիսկ դադարեց դրսից պրոֆեսիոնալ մեներգիչներ հրավիրել. հիմա նա չորս մեներգիչ ունի:
«Փարոսի» հիմնադրումից մեկ տարի անց Վաչագանը որոշեց, որ երգչախումբն արդեն պատրաստ է բեմ ելնելու:
«Մենք պետք է երգեինք Կամերային երաժշտության տանը: Ստիպված էի երեխեքին համոզել ելույթ ունենալ ամբողջ երեք ամիս: Ես նրանց ասում էի, որ իրենք պետք է երգեն բեմում, որտեղ ելույթ են ունեցել Գոհար Գասպարյանը, Սպիվակովը, Ռոստրոպովիչը, իսկ իրենք շարունակ կրկնում էին, որ ոչ մի դեպքում բեմ չեն բարձրանա սայլակներով, որ մարդիկ կխղճան իրենց: Բայց ես ասացի, որ իրենք այնպես պետք է ցույց տան իրենց արվեստը, որ հանդիսատեսը չնկատի իրենց սայլակները, այլ ծափահարի իրենց երգի համար: Եվ դա նրանց հաջողվեց: Իհարկե, ժամանակ պահանջվեց: Սկզբում մարդիկ գալիս էին նայելու «երգող հաշմանդամներին», սակայն աստիճանաբար ձեւավորվեց մեր հանդիսատեսը, ով գալիս է մեզ լսելու, ոչ թե նայելու»,- ասում է Վաչագանը:
Երգչախմբի կազմը ժամանակ առ ժամանակ փոխվում է ու համալրվում: Եղել են դեպքեր, երբ սայլակներին գամված մարդիկ, ովքեր ամբողջ օրն անցկացնում էին չորս պատերի մեջ, հեռուստացույցով «Փարոսի» համերգը դիտելիս զանգահարում ու ցանկություն էին հայտնում երգել երգչախմբում: Իրենց, իհարկե, չէին մերժում: Վաչեն նույնիսկ ծրագիր ունի՝ շրջել մարզերում, գտնել ֆիզիկական դժվարություններով տաղանդավոր մարդկանց:
«Միայն թե նրանք երաժշտական լսողություն ունենան,- ասում է նա,- մնացածը կարելի է ստանալ պարապմունքների արդյունքում»:
««Փարոսը» մեկ ընտանիք է»,- միաձայն ասում են երգիչները: Իրենց մաեստրոյի գլխավորությամբ, ով առանց հպարտության ասում է, որ տասներեք տարվա ընթացքում ամուսնացրել է արդեն «երեխաներից» յոթին:
Մենակատար Հմայակ Մարգարյանը ամուսնացել է ըստ հին հայկական ավանդույթի՝ փախցրել է իր հարսնացուին: Նրանք ծանոթացել են Վերականգնողական կենտրոնում, որտեղ աղջիկն աշխատում է որպես բուժքույր:
«Նրա ծնողները դեմ էին մեր հարաբերություններին,- պատմում է Հմայակը,- մի քանի անգամ նույնիսկ կտրականապես արգելել են նրան հանդիպել ինձ հետ, սակայն սիրուն վերջ դնել կարող է միայն մահը, չնայած դրան էլ եմ կասկածում: Մենք իրար հետ շատ ենք խոսել այս թեմայով, քննարկել ենք բոլոր հետեւանքներն ու խնդիրները եւ որոշել ենք, որ ուզում ենք միասին լինել, չնայած ամեն ինչին: Քանի որ իր ծնողները դեմ էին, ստիպված եղա փախցնել իրեն»,- ծիծաղում է նա:
Հմայակը տասնմեկ տարեկան էր, երբ պատահեց ավտովթարը:
![]() |
![]() |
![]() |
Արմեն Ալավերդյան | Հմայակ Մարգարյան | Շուշանիկ Նահապետյան |
«Սկզբում առանձնապես տագնապ չկար. մտածում էի՝ դե հիմա, ոտք է, կցավի, կանցնի, շուտով նորից կքայլեմ: Ես շատ փոքր էի, որ լիովին պատկերացնեի, թե ինչ է նշանակում գամված լինել հաշմանդամի սայլակին: Հետո ստիպված եղա հաշտվել անխուսափելիի հետ եւ կրկին սովորել ապրել: Իհարկե, Կենտրոնը շատ օգնեց ինձ: Ի դեպ, ես մեկն եմ եղել այն հաշմանդամներից, ում տարան նոր Կենտրոնի հիմքին ցեխ լցնելու, երբ այն տեղափոխվեց Կարմիր խաչի հիվանդանոց:
Երբ 1995 թվականին բուժման կուրս էի անցնում Վերականգնողական կենտրոնում, այնտեղ պառկած էին մարդիկ, ովքեր նույնիսկ գուլպա ինքնուրույն ի վիճակի չէին հագնել, մունաթ էին գալիս իրենց կանանց վրա ու բոլորից պահանջում ծառայել իրենց: Ես չեմ հարգում նման մարդկանց: Եթե որոշել ես ապրել, ապրիր ինքնուրույն: Փնթփնթալով ոչնչի չես հասնի»,-ասում է Հմայակը:
Շուշանիկ Նահապետյանը նույնպես իր ապագա ամուսնուն հանդիպել է Վերականգնողական կենտրոնում, ուր վերջինս այցելում էր իր զարմիկին: Հիմա նրանք մտածում են երեխա ունենալու մասին: Շուշանիկը խորհրդակցել է բժիշկների հետ եւ նրանք հավաստիացրել են, որ խնդիրներ չի ունենա. երեխան կծնվի կեսարյան հատումով. այդպես է ընդունված զարգացած երկրներում, որպեսզի ողնաշարի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի:
«Ես տասներեք տարեկան էի, երբ ընկա փլված պատշգամբից,- պատմում է Շուշանիկը:- Ինը ամիս պառկել եմ Վերականգնողական կենտրոնում: Իհարկե, սկզբում շատ դժվար էր, հատկապես, երբ վերականգնվելուց հետո վերադարձա տուն: Այն ժամանակ Թբիլիսիում էի ապրում, միայնակ, ոչ ոք չկա, ոչինչ չկա, միայն գիտակցություն, որ այլեւս ոչինչ չես կարող: Մինչ այդ ես կարծեմ նույնիսկ «հաշմանդամ» բառի նշանակությունը չգիտեի: Մի անգամ Կենտրոնում, ուր հաճախում էի ասեղնագործության խմբակ, մաեստրոն մոտեցավ ինձ եւ առաջարկեց երգչախմբում երգել: Նա երկար ինձ համոզեց, որովհետեւ ես բացարձակ հեռու էի երգարվեստից:
Սկզբում փորձեր անում էինք տարին 2-3 անգամ: Ամեն անգամ փորձերին գալիս էի Վրաստանից, ընկերացա երեխեքի հետ: Ինքնազգացողությանս մեջ տեղի ունեցան զգալի փոփոխություններ: Եթե առաջ ես ամբողջ օրը կենտրոնացած էի խնդրիս վրա, անընդհատ մտածում էի միայն դրա մասին, ապա հիմա օրերս լցվեցին սպասման իմաստով: Ես պարզապես վայրկյաններն էի հաշվում մինչեւ հերթական փորձը:
Ես մինչ այժմ հուզվում եմ ամեն ելույթից առաջ: Բայց եթե նախկինում ես հուզվում էի, թե ինչպես մարդիկ կընկալեն ինձ բեմում անվասայլակում, հիմա ինձ մտահոգում է այն, որ լավ երգեմ: Եվ երբ դահլիճը հոտնկայս ծափահարում է քեզ, քո երգին, այլ ոչ վիճակիդ, դա հաղթանակ է: Հաղթանակ ինքդ քո հանդեպ, եւ ինչ-որ տեղ՝ մարտահրավեր հասարակությանը, որը, ցավոք, մինչ այժմ ճիշտ պատկերացում չունի հաշմանդամների վերաբերյալ»:
Վաչագան Նավասարդյանն արդեն մի քանի անգամ դիմել է Մշակույթի նախարարություն՝ «Փարոսին» պետական կարգավիճակ շնորհելու հարցով: Ոչ նրա համար, որ այդ կարգավիճակը հեղինակավոր է, այլ նրա համար, որ երգիչները գոնե ինչ-որ աշխատավարձ ստանան, որովհետեւ հիմա նրանց միակ եկամուտը հաշմանդամության թոշակն է՝ ամսական 4000-7000 դրամ: Սակայն Մշակույթի նախարարներն այնքան հաճախակի են փոխվում մեր երկրում, որ դիմումը չի հասցնում հասնել հերթական նախարարին: Այնպես որ, դիմումն առայժմ մնացել է օդում:
Մեկնաբանել