HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ: 

«Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020 թ. օգոստոսի 25-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, ով նույն օրը քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել է:

Քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ ստանալով և պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ՝ 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը:

Մասնավորապես՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ. Մ.-ն իրեն դիմած Ա. Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար օգտագործել է իր անօրինական ազդեցությունը: Նա 2020 թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս.Ս.-ին և սպառնալիքներ տալու միջոցով հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա.Պ.-ի առաջարկի հետ, ով օգտվելով Գ.Մ.-ի հովանավորչությունից Ս.Ս.-ից պահանջել է 4800 ԱՄՆ դոլար, 1.5 մլն դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածների հողատարածքների սեփականության վկայականները:

Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել ևս 4 անձինք:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 3-ը ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ հաղորդագրության՝ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով նույն օրը ԱՆ քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Ա. Թ.-ն 2020 թ. փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թ. փետրվարի 22-ից սկսած նաև ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբա­վորում: Մասնավորապես, ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ան­ձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում «կարգուկանոն» պահպանելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, իսկ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու համար՝ հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է նաև, այսպես կոչված, «օբշակի» գումարնե­րի հավաքագրումը և տնօրինումը:

Միաժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ա.Թ.-ն, գտնվելով արգելանքի տակ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի 30-րդ խցում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, մասնավորապես՝ իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է ՔԿՀ-ում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից, քրեակատարողական հիմնարկի այլ տեղամասերի «արտոնյալ» կալանավորների և դատապարտյալների հետ քննարկել է տվյալ տեղամասում վերահսկողությունը թուլացրած և կալանավորված անձանց շրջանում հեղինակությունը կորցրած այսպես կոչված մեկ այլ «զոն նայողին» պատժելու հարցը:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ հայտնաբերելու նպատակով վերը նշված անձանց բնակարաններում հիշատակված քրեական գործերով կատարվել են ընդհանուր թվով 6 խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, վեճի առարկա հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված մասնակիցների կողմից այլ հանցավոր դրսևորումների առկայությունը պարզելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու, խափանելու ուղղությամբ»,– նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում::

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter