
Արցախում մեկնարկում է հանքարդյունաբերական նոր խոշոր ծրագիր
ԼՂՀ կառավարության և «Վալեքս» խմբի միջև այսօր համաձայնագիր է ստորագրվել Կաշենի հանքավայրի (Մարտակերտի շրջան) շահագործման վերաբերյալ: Արցախյան հանքարդյունաբերության նոր փուլը նշանավորող այդ ծրագրի` կառավարությունում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ մեկնարկում է ԼՂՀ վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, ինչի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի և սոցիալական առանձին խնդիրների լուծմամբ:
Ա. Հարությունյանն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից մեկը և այդ նպատակով կառավարությունն իր հերթին միջոցներ է հատկացնում ընդերքի համակողմանի ուսումնասիրության համար:
«Վալեքս» խմբի ղեկավար Վ. Մեժլումյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Մկրտումյանը և ընկերության պատասխանատու մասնագետները ներկայացրին և հարցերին ի պատասխան պարզաբանեցին նոր հանքավայրի շահագործման հեռանկարները և այն հիմնական անելիքները, որոնք թույլ կտան ստանալ արդյունաբերական լավ ցուցանիշներ և զերծ մնալ բնապահպանական վթարներից:
Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2015 թվականը, կարդյունահանվի հիմնականում պղինձ և մոլիբդեն: Ըստ ծրագրի` առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ: «Վալեքս» խումբը Կաշենում կկատարի մոտ 80 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Ծրագրի շնորհանդեսին նեկա էին ԼՂՀ կառավարության անդամներ, ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել